Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ հաջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։

Ավագանու նիստին ներկա անդամներից մեկը նշեց, որ իրենք վրդովված են, մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչի համար են կալանավորել, շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է:

Ավագանու անդամը հայտարարեց, որ ուղերձն ուղարկելու են դատարանին:

«Հարգելի դատարան, հայտնում ենք ձեզ մեր խորը անհանգստությունն ու մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն 6 ամիս գտնվում է արգելանքի տակ, իսկ Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարումը միայն ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է Քաջարան համայնքի համար ևս, որ գրեթե 100 տոկոս քվե ստացած ղեկավարն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին՝ դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։

Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպես պետք է իրականացնել համայնքի ղեկավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջությամբ պարալիզացված ներհամայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններիս կայացրած որոշումը երաշխավորված չէ։

Այսօր բոլոր ժամանակներում անառիկ Սյունիքը կանգնել է պատմական հորձանուտ անցնելու վտանգի առաջ, իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու և բնօրրանը երբեք չլքելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։

Հարգելի դատարան, ձեզ է ընձեռված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։ Մեր համայնքի ղեկավարին մեղսագրվող արարքի, մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ, մեղադրական թեքումից ձերբազատվել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել։

Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել մեկ այլ խափանման միջոց։ Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս»,- նշված է ավագանու հայտարարության մեջ։