Դոնի Ռոստովում կբացվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը

Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի տարածքում կբացվի Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։ Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը ։

Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Բաղրամյանի ծննդյան օրը, դպրոցի տարածքում՝ Դոնի Ռոստով, փ. Բերբերովսկայա, 10 հասցեում։

Բացման արարողությանը ներկա կլինեն Հարավային ռազմական օկրուգի, պատվո պահակախմբի ծառայողները, վարչակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը ծնվել է 1897 թ․, Գանձակի նահանգի Չարդախլու գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է Առաջին բալթյան և Երրորդ բելառուսական ռազմաճակատները։

Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։