Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները․ «Հենակետի» ամփոփումը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբում մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հաստատվել էր ԱՀ ԱԱԾ ի կողմից։ Օրեր անց պարզ դարձավ, որ Աշան գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձը վերադարձվել է։

Նոյեմբերի 23-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիից տեղահանված բնակիչները բողոքի ակցիայի շրջանակներում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրենց անհանգստությունն են հայտնել տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի և այդ համատեքստում կիրառվող սկզբունքների վերաբերյալ։ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը խնդրի հետ կապված նշել է, որ կառավարության կողմից մշակվում է կարգ, ըստ որի` պարզ կլինի, թե բնակարաններն ինչ սկզբունքով են տրամադրվելու տեղահանվածներին: Ակցիայի մասնակիցներին ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Շաբաթվա ընթացքում Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակել է մնալ լարված։ Թեմայի վերաբերյալ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին համընդհանուր սահմանափակումներ են լինելու։ ԱՀ նախագահականից էլ տեղեկացրել են, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը:

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում և ԼՂ շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայված 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի պահպանման հսկողություն։ Գերատեսչությունից հայտնում են, որ հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման։

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Շաբաթվա վերջում, ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները մարդասիրական օգնություն են ցուցաբերել ԼՂ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և վերաբնակներին։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:

Նույն օրը Ա․ Հարությունյանը հանդիպել է նաև ՀՀ ՊՆ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Նոյեմբերի 19-ին Գրենոբլում արցախյան պատվիրակությանն ընդունել է Իզերի նահանգապետ Ժան-Պիեռ Բարբիեն: Այս նահանգը Հադրութի շրջանի հետ բարեկամության պայմանագիր ունի, աջակցում է Արցախին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև Ստեփանակերտի Պոլ Էլուարի անվան ֆրանկոֆոնիայի տան նվիրատուներից է: Պատվիրակության պատվին տեղի է ունեցել պաշտոնական ճաշ, որին նահանգապետից բացի մասնակցել են նաև իր տեղակալը և ոլորտային պատասխանատուներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանին ու նախարարության աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում ընթացք տալ համայնքների զարգացմանն ուղղված հասցեական և արդյունավետ ծրագրերի մշակմանը։

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Գումարը նախատեսված է Արցախի բնակչության՝ նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների, ինչպես նաև 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար։

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով:

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Փաշինյանը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, սակայն, կարծում է, որ շատ հարցեր պետք է և կարելի է քննարկել ու լուծել եռաչափ, երկկողմ ձևաչափերով: Հանդիպան ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ Ղարաբաղում այժմ ստեղծվում են պայմաններ՝ խաղաղ կյանքի համար։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կընդունվեն որոշումներ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, ինչը կստեղծի հնարավորություններ ԼՂ վերածննդի համար։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը:

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի միամյակին։ Հատկանշական է, որ Սենատի նախագահի հովանու ներքո տեղի ունեցող այս համաժողովի ընթացքում Սենատի հրավերով ներածական ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։

Գուտերեշն ի գիտություն է ընդունել համատեղ հայտարարությունը և երախտագիտությամբ նշել Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում, ասել է Գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։