Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի ԱԺ աշխատակազմի հրապարակած հայտարարությունը՝ ստորև.

«Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:

Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը: Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին: