Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Պարոն Տոնոյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ։ Դատարանը հրապարակել է վճիռը, սակայն որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական կողմին, հետևաբար, բովանդակության մասին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: