Ովքե՞ր են Երևանում բերման ենթարկված օրենքով գողերը (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է հանցավորության դեմ ամենօրյա ռեժիմով հետևողական պայքար մղել՝ իրականացնելով բազմաբնույթ ու ծավալուն միջոցառումներ։ Այս համատեքստում ՔՈԳՎ, ԵՔՎ և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։ Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38–ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է հանցավորության դեմ տարվող ամենօրյա և շուրջօրյա պայքարը։

Գ. Շամշյանն իր հերթին հայտնում է, որ ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ, ում վերջերս ճանաչել են «Բարի կամքի դեսպան», 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ, և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։