Հայկակ Արշամյանը վերընտրվել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Այսօր` նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար:

Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները և որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում:

«Իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,–ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հավելել,-«ներկայումս ավելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Համաձայն օրակարգի՝ հաստատվեցին 2020թ. համախմբված ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:

Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում։

«Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան

բազմաթիվ հարցադրումներ, որոնց  տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս ծանր ժամանակահատվածում հայրենիքի զորացման գործում:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։