Եվրոպան և Ասիան փակում են սահմանները՝ կորոնավիրուսի նոր վտանգավոր հիմնամանրէի հայտնաբերման համապատկերին

Աշխարհը տագնապով է արձագանքել կորոնավիրուսի նոր հիմնամանրէի՝ «օմիկրոնի» հայտնաբերման և տարածման մասին լուրին։
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, մինչ գիտնականները փորձում են պարզել, թե պատվաստանյութերն արդյունավե՞տ են կորոնավիրուսի նոր մուտացիայի դեմ, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը խիստ սահմանային վերահսկողություն են հայտարարել:
Մեծ Բրիտանիան արգելել է չվերթները Հարավաֆրիկյան Հանրապետությունից և հարևան երկրներից, իսկ այնտեղից վերադարձող իր քաղաքացիներին խնդրել է կարանտին անցնել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ևս հայտարարել է, որ Միությունը մտադիր է դադարեցնել թռիչքներն այդ տարածաշրջանից:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Եգիպտոսը ևս հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր հիմնամանրէի տարածման փաստով:

Արաբական երկրներից ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էին նաև Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քովիդ-19-ի նոր՝ «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Իսրայելում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել փաստի առնչությամբ, և նոր մուտացիայի հայտնաբերման հարցով հրատապ խորհրդակցություն կանցկացնի: