ԱՄՆ-ը կսահմանափակի զորավարժությունները Եվրոպայում, որպեսզի չվիճի Ռուսաստանի հետ

Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին առկա «լարվածության» լույսի ներքո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է գործողությունների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Եվրոպայում զորավարժությունները կրճատելու հնարավորությունը՝ Մոսկվայի հետ առճակատումից խուսափելու համար: Այս մասին ուրբաթ օրը գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին։

Ըստ այդ տվյալների՝ որպես գործողության հնարավոր տարբերակներից մեկը՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացումը՝ ներառյալ ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի մատակարարման ավելացումը։ Այս տարբերակը ենթադրում է նաև ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ։

Գործողությունների մեկ այլ հնարավոր տարբերակ, գրում է թերթը, ենթադրում է «Մոսկվայի հետ առճակատման ռիսկի նվազեցում, այդ թվում՝ Եվրոպայում ԱՄՆ զորավարժությունների քանակի սահմանափակմամբ»։ Այս զորավարժությունները, ինչպես նշվում է հոդվածում, շարունակում են քննադատության արժանանալ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը ներառում է նաև Կիևին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցում։