«Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը և շտկի սխալներն ու թերությունները․ ՀՀ նախագահ

Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատանքը ենթարկվել է չնախատեսված փոփոխությունների։

«Որպես Հայաստանի նախագահ և որպես հայ ափսոսանք եմ հայտնում անվստահության, խոսակցությունների և արձագանքների կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցկացված ուսումնասիրությունները  լույս կսփռեն իրավիճակի վրա և կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել:

Հիմնադրամը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, և պետք է անել ամեն ինչ՝ սխալներն ու թերությունները շտկելու և վստահությունը  վերականգնելու համար։

Հիմնադրամի արդիականացման համար հասունացել է պահը, անհրաժեշտ է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ և աշխատանքի կազմակերպման նոր մոդելներ»,-նշել է նախագահը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամին փոխանցված ավելի քան 100 միլիոն դոլարի չափով միջոցները մուտք է արվել պետբյուջե։