ՌԴ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությունները

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ինչպես բոլորը, մենք ևս ակնկալում ենք, որ այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում շուտով կհաստատվի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,-նշել է նա։

«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփելու անցած տարվա որոշակի արդյունքները՝ նոյեմբերի 9-ին [2020թ․] հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, տեսնելու, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաև առաջ մղելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կուրվագծեն այդ հեռանկարային ուղղությունները»,-ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիի եռակողմ հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին։

Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարգավորման գործընթացում մնում են հարցեր, որոնք բոլորին հայտնի են։ «Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ նկատում ենք որոշակի զինված միջադեպեր և նույնիսկ մարդիկ են զոհվում»,-հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։