ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առցանց-նստաշրջանում հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն:

Կազմակերպությունում պատմել են, որ հետևում են ձուլված  սպիտակուցի տասնյակ մուտացիաների ենթարկված նոր տարբերակին և պլանավորում են քննարկել, թե դա ինչպես կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա: «Մենք դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա մասին: Հասանելի է 100-ից պակաս լրիվ գենետիկական հաջորդականություն: Սակայն մենք գիտենք, որ այդ շտամը բազմաթիվ մուտացիաների է ենթարկվել»,-պարզաբանել է վան Կերկհովեն: Նրա խոսքով, վիրուսի էվոլյուցիայի հարցերով զբաղվող խումբը կքննարկի, թե ինչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսի այդ տարբերակը:

Եթե ստացված արդյունքներն անհանգստություն առաջացնեն, այն հունական այբուբենի տառի անվանում կստանա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով դադարեցնում են թռիչքները Հարավային Աֆրիկայի երկրներ:

Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է ավելի քան 258 միլիոն ախտահարված, հինգ միլիոնից ավելի հիվանդների չի հաջողվել փրկել: Առավել բարդ իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: