Ինչու է Նիկոլը չունենալով որևէ հիմք, նրանց ներկայացնում ոչ թե զոհվածներ, այլ իրականում գերեվարվածներ

Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերից ավելի քան մեկ շաբաթ հետո էլ դեռ հայտնի չէ, թե հայ զինծառայողներից իրականում քանիսն են զոհվել, քանիսը վիրավորվել, քանիսը գերեվարվել, քանիսն անհետ կորել:

«Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24` գումարած 8 գերեվարված»,- նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան իր ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:

Այս մեջբերումը դարձյալ Նիկոլ հողատուի խոսքից է. «Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են` չճշտված տեղեկությունների համաձայն»:

Դե, Նիկոլն, իհարկե, չասաց, թե որտեղի՞ց է հայտնի, որ նրանք իրականում զոհված չեն, գերեվարված են, որտեղից են այդ չճշտված տեղեկությունները: Սարքված ասուլիսում  այդ հարցերը Նիկոլին, բնականաբար, չտրվեցին: Եվ ինչպե՞ս կարող էր Նիկոլին կամ մեկ ուրիշին հայտնի լինել, թե նրանք իրականում գերեվարված են, երբ Ադրբեջանից նոյեմբերի 23-ի դրությամբ պաշտոնական որևէ հաստատում չկար այդ անձանց գերեվարման փաստի վերաբերյալ (որքան տեղյակ ենք, այսօրվա դրությամբ էլ դեռ չկա), և, հետևաբար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում նրանց հետ հանդիպելու, նրանց թվաքանակն իմանալու և հայտնելու որևէ հնարավորություն չուներ:

Նիկոլի պատասխանը լսելուց հետո, բնականաբար, հարց է առաջանում` եթե նույնիսկ ընդունենք կամ համարենք, թե վերոնշյալ 32-ն իրականում գերեվարված են, Նիկոլի նշած և 32-ի մեջ մտնող այդ մասից բացի, կա՞ հայ զինծառայողների մեկ այլ մաս (առայժմ անհետ կորածի կարգավիճակով), որոնց առնչությամբ իշխանությունները մտածում են, որ նրանք զոհված են, ոչ թե գերեվարված, և եթե կա, քանի՞ սն են այդ մասը կազմող զինծառայողները:

Ընդգծենք, որ այս հոդվածի հրապարակումից առաջ ուշադիր ուսումնասիրեցինք «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածի պաշտոնական կայքում ու ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 16-ից առ այսօր հրապարակված, նոյեմբերի 16-ի մարտերի հետ կապված բոլոր լուրերը, սակայն չգտանք մեր հոդվածում բարձրացված հարցերի պատասխանները:

Բավականաչափ ճանաչելով Նիկոլին, ունենք հիմքեր կարծելու, որ Սյունիքում վերջին մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայողների քանակն իրականում 6-ից շատ ավելին է, պարզապես անհետ կորածների հարազատների ու հասարակության ավելի մեծ զայրույթին տեղիք չտալու համար, Նիկոլը նրանց ներկայացնում է ոչ թե զոհվածներ, այլ գերեվարվածներ: Տա աստված մենք սխալվենք, այս դեպքում Նիկոլի ասածը լինի ճշմարտությունը: Ի վերջո, եթե նրանք իսկապես գերեվարված են, թող իր «բարեկիրթ» եղբորից` Ալիևից, նրանց հետ ստանա:

Ինչպես հայտնի է, «չճշտված տեղեկություններ»-ը Նիկոլի սիրած, նրա կողմից հաճախ գործածված ու գործածվող բառակապակցություններից է: Դե, մարդը նախօրոք ասում է, որ տեղեկությունները չճշտված են, դրանով փորձում իրեն ապահովագրել, որ երբ պարզվի դրանց կեղծ, սուտ լինելը կամ իրականությանը չհամապատասխանելը, իր կարծիքով, որևէ պատասխանատվության խնդիր չառաջանա, որևէ մեկը չկարողանա իրեն մեղադրել: Բայց ընդամենը մեկ հարց` երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն իրավունք ունի՞ չճշտված տեղեկություններ հրապարակել… Երբևիցե լսած կա՞ք, որ, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասի` ըստ չճշտված տեղեկությունների, ու հետո ինչ-որ տեղեկություններ հայտնի:

Չճշտված տեղեկություններով, չճշտված տեղեկությունների վրա հղում կատարող հրապարակումներով Նիկոլի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթը ժամանակին մեծ դերակատարում ունեցավ նախկինների լվերն ուղտեր, կամ ուղտերը դինոզավրեր սարքելու, «թավշյա հեղափոխություն» կոչվածի քարոզչական, բարոյահոգեբանական, քաղաքական նախապատրաստման գործում: Պատահական չէ, որ հետագայում «Հայկական ժամանակ»-ի շատ լրագրողներ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելով, դարձվեցին «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորներ:

 

Արթուր Հովհաննիսյան