Պարտադիր պատվաստումների և թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցի քննությունը ՍԴ-ն կշարունակվի վաղը

Սահմանադրական դատարանն այսօր՝  նոյեմբերի 25-ին, բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործի քննությունը հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պատրաստվում է հաջորդ նիստին միջնորդություն ներկայացնել։

Գործի քննությունը նշանակվեց վաղը՝ 11։00-ին։

Նշենք՝ ըստ նախարարի որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝  այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։