80 կմ-անոց ճանապարհի դիմաց ուզում ենք 8 կմ․ եթե Ադրբեջանը դրան չգնա, ապա ինչպես բարևը՝ այնպես էլ պատասխանը․ Աշոտ Մելքոնյան

«Եթե կյանքի կոչվի դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը, հայկական կողմը կամք դրսևորի՝ տասնամյակների խնդիր է։ Դելիմիտացիան նշանակում է փաստաթղթային հիմք, իսկ դեմարկացիան նշանակում է փայտիկները խրելով որոշել ամեն ինչ, իսկ ագրեսիվ ադրբեջանցու հետ դա բացառված է»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Մելքոնյանը՝ նշելով, որ անկարելի ոչինչ չկա, թվում է՝ մենք փակուղու մեջ ենք և լուծումներ չկան։

«Ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթով թուրք-ադրբեջանական կողմի համար միակողմանի ձեռնտու տարբերակ է։ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաները Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու երկու ճանապարհի մասին։ Մեկը՝ 41 կմ-անոց Մեղրիի մասին է, մյուսը՝ եկել թառել են Սև լճի հատվածում և Անգեղակոթով ուզում են դուրս գալ դեպի Նախիջևան»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է օրակարգ մտցնել 1921 թվականի պայմանագիրը։

Հայկական Նոյակերտ Գյուղի դիմաց մինչև Իրանի սահման երեք կմ է։ Արարատից՝ Քուղ կոչվող բնակավայրից դեպի Իրան ճանապարհը 2,5 կմ է, իսկ ամենանեղ հատվածում 1 կմ 800 մետր է՝ Արմաշի լճերի մոտ։ Իսկ եթե ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, հայկական կողմը կարող է առաջարկել Թուրքիայից էստակադայով կամ կամրջով հասնել Իրան։

«Առայժմ Արաքսի վրայով կամուրջ կառուցելով պետք է դուրս գալ Իրանի տարածք՝ մաքսային վճարումներ կատարելուց հետո, որը կնշանակի 15 րոպեում հայտնվել Իրանի տարածք Արարատյան դաշտից։ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է մեծապես տուժել, բայց սա մեզ համար կյանքի ճանապարհ է լինելու»։

Մելքոնյանը նշեց, որ եթե Թուրքիան դա մերժի, այդ ժամանակ հստակ պետք է հակադարձել, քանի որ առաջարկել է 3+3 ձևաչափը, իսկ Իրանը համաձայնելու է այս առաջարկին։

«Եթե Թուրքիան չհամաձայնի, Ադրբեջանի հետ խնդիր ունենք, պահանջում ենք 8 կմ ճանապարհ՝ մտնել իր տարածք, գուցե ռուսների մասնակցությամբ, հետո նոր մտնել Իրանի տարածք։ Ադրբեջանը մեզնից ուզում է 80 կմ ճանապարհ, կուզեք միջանցք, բայց դա հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որովհետև հսկվելու է ռուսների կողմից։ Եթե մեզ Սուրմալուի գավառով երեք կմ-ով ելուստ տրամադրեն, որը կարող է լինել թունել և դուրս գա Իրանի տարածք, եթե չէ՝ մտնում ենք Սադարակի տարածք, այնտեղով մտնում Իրանի տարածք։ Փաստորեն՝ 80 կմ-անոց ճանապարհի դիմաց ուզում ենք 8 կմ, եթե դրան չգնան, ինչպես բարևը՝ այնպես էլ պատասխանը»,- ասաց Մելքոնյանը։