«Հյուսիսային հոսք 2»-ը կավելացնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանից, հայտարարել է Լեհաստանի վարչապետը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Զագրեբում իր խորվաթ գործընկեր Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի մեծ կախվածություն կունենա Ռուսաստանից, եթե «Հյուսիսային հոսք 2»-ը գործարկվի։ Նրա խոսքերը հայտնում է Euractiv հրատարակությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեհ քաղաքական գործիչը կարծում է, որ Մոսկվան իբր օգտագործում է գազը որպես «քաղաքական հաղթաթուղթ»։

««Հյուսիսային հոսք 2» գազատարի օգնությամբ Ռուսաստանը ճնշում է գործադրում Լեհաստանի և ամբողջ Եվրամիության վրա: ԵՄ-ի մի մասն արդեն մեծապես կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից, և եթե գազամուղը սկսի աշխատել, կարող ենք եզրակացնել, որ մենք էլ ավելի կախյալ կդառնանք»,- կարծում է Մորավեցկին։

Ավելի վաղ Մորավեցկին «Գազպրոմին» մեղադրել էր գազի շուկայում «մանիպուլյացիաների» մեջ, որոնք իբր հանգեցրել են Եվրոպայում գազի գնի բարձրացմանը։ Կրեմլն արձագանքել է՝ ասելով, որ արևմտյան քաղաքական գործիչները սխալ են հաշվարկել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելիս։

Իր հերթին, նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կողմից գազը որպես զենք օգտագործելու մասին հայտարարություններն անվանել է «լիակատար անհեթեթություն»։ Մոսկվան բազմիցս նշել է, որ «Գազպրոմը» կատարում է իր բոլոր պարտավորությունները եվրոպացի գործընկերների հանդեպ և պատրաստ է ավելի շատ կապույտ վառելանյութ վաճառել։

«Հյուսիսային հոսք 2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատար է, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից մինչև Գերմանիա։ Նրա շինարարությունն ավարտվել է սեպտեմբերին։ Նախագծին ակտիվորեն հակազդեցին ԱՄՆ-ը, որն իր հեղուկ բնական գազը ուղղում է  դեպի ԵՄ, և Ուկրաինան, որը վախենում է կորցնել տարանցումը: Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ սա կոմերցիոն ձեռնարկություն է, որը ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրամիությանը։