Ուսուցիչները կտարակարգվեն՝ ինչպես բուհական համակարգում

«Օրենքում նախատեսվող լրացումներն ու փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին»,-կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրինագիծը:

Նրա խոսքով՝ ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրմամբ հստակեցվում է ուսուցչի առաջխաղացման մեխանիզմը՝ տարակարգերի շնորհման միջոցով այն դարձնելով չափելի, որը փոխկապակցվելու է նաև նրանց վարձատրության համակարգին:

Դումանյանը պնդեց, որ փոփոխություններով ԿԳՄՍ-ն հրաժարվելու է միաչափ և միատեսակ վերապատրաստումներից  և անցում կկատարվի ուսուցչի մասնագիտական կարողություններից բխող վերապատրաստումներին և կստեղծվի ատեստավորման տարբեր ընթացակարգեր:

«Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր՝ նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին ենք նախատեսում տարակարգել և կախված դրանից կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ»,-հայտարարեց նախարարաը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․
– Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
– Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
– Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
– Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը»: