Սյունիքում 7 ճանապարհներից մեկը` Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի․ ՏԿԵՆ նախարար

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշվեց 400 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Երբ Սյունիքում էինք, տեսանք, որ կա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի, և գնվեց երկու «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որոնք հիմա կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում»:

Նրա խոսքով՝ Սյունիքում 7 ճանապարհներից մեկը` Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի, գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որ շրջանցեն այդ հատվածը և ավելի շուտ դուրս գան Սիսիան։

«Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են, բայց Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում։ Դրանք հիմա քննարկման փուլում են»,–հայտնեց նա։