Pegasus ծրագրով վարակված հեռախոսը կարող է մարդու կամքից անկախ միացնել տեսախցիկը, ձայնագրել զրույցները․ Արթուր Վանեցյան

«Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է  Pegasus ծրագրով»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա մանրամասնեց, դեռ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներն իրականացրել են իր հեռախոսի զննումը, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսում տեղադրված է հենց այդ ծրագիրը։

«Բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, ես չուզեցի դրա մասին բարձրաձայնել։ Երեկ ստացա նամակն ու որոշեցի բարձրաձայնել ու հանրայնացնել խնդիրը»,-ասաց նա։

Վանեցյանը մանրամասնեց՝ մարդուն գաղտնալսելն ու հետևելը պետության մենաշնորհն է համապատասխան հիմքերի ու դատարանի որոշման առկայության պարագայում։

«Բայց Pegasus ծրագիրը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր, NSO Group-ը այն չի վաճառում հատուկ ծառայություններին իրենց գործառույթներն իրականացնելու համար, այլ այդ ընկերությունը որոշակի գումարի՝ 7-10 մլն դոլարի մասին է խոսքը, դիմաց բաժանորդագրում է այդ ծրագրին, ասում են՝ խնդրում ենք հսկողության վերցնել այսինչ, այնինչ անձին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս այդ ընկերությանը՝ առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ համակարգի բազաներում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո դրանք տրամադրում է պատվիրատուին։ Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետության հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»,-մանրամասնեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրը դիտարկեց նաև  ժողովրդավարության համատեքստում, ընդգծեց, յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան գաղտնիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա։

«Pegasus ծրագրի կիրառման համար դատարանի որոշում չի կարող լինել, քանի որ այն ՀՀ իրավապահ համակարգի սեփականությունը չէ։ Ստացվում է, որ այս ամբողջ գործընթացն անօրինական է»,-ընդգծեց նա։

Pegasus ծրագրով վարակված հեռախոսը կարող է մարդու կամքից անկախ, նրա անգիտությամբ միացնել տեսախցիկը, ձայնագրել զրույցները։

«Հիմա պատկերացրեք, մարդ ես, նստած ես, ընտանեկան վիճակ է։ Լսում են ամբողջությամբ քո զրույցները կնոջդ, երեխաներիդ, ծնողներիդ հետ։ Այս գաղտնալսման ծրագրի միջոցով ձեռք բերած զրույցները չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ, չեն հանրայնացվում, քանի որ այդ տեղեկությունները ստացվում են ապօրինի։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են իրենց ոչ հաճո լրագրողների, իրավապաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու և հետապնդելու համար։ Ահա այս վտանգների պատճառով է, որ մենք բարձրաձայնում ենք ծրագրի անթույլատրելիության մասին»,-ասաց նա։