Հողատուն երեկ իրեն դարձյալ չիմացողի կամ չհասկացողի տեղ էր դրել, ինչն էլ մեզ դրդեց «օգնել» իրեն` իմանալու կամ հասկանալու…

«Ադրբեջանի նախագահն ասում է, որ որտեղ ուզի կկանգնի, ի՞նչ է նշանակում դա,- երեկվա ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, ասել է Նիկոլը:- Այսինքն` մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարահակա՞րգ է գործում…»:

Պատասխանենք հերթով. դա նշանակում է, որ Նիկոլ հողատուն Հայաստանի բանակին և ողջ պետությանն այնպիսի վնաս, այնպիսի ջախջախիչ հարված է հասցրել և այնպիսի թշվառ վիճակում դրել, որ նախկինների օրոք երկու պատերազմներում ծանր պարտություն կրած Ադրբեջանի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ, որ որտեղ ուզի կկանգնի… Միգուցե նույնիսկ դրա հնարավորությունն է տեսնում…

Եվ ինչո՞ւ չհոխորտա, երբ քաջատեղյակ է, որ Հայաստանում իրեն գործակիցներ, աջակիցներ ունի` հանձին պետական դավաճանների մի ողջ բանակի` Հայաստանի ոստիկանական բռնապետության գերագույն գլխավոր դավաճանի գլխավորությամբ: Ինչպես ասում են, երբ գողը տանից է լինում, եզը երդիկից են հանում…

Ոչ, նոր աշխարհակարգ չի գործում, այդ աշխարհակարգը հին է թերևս այնքան, որքան մարդկությունը, և այդ աշխարհակարգի էությունը մի քանի բառով հետևյալն է` ուժն է ծնում իրավունք: Միայն ուժեղին են հարգում ու նրա հետ հաշվի նստում, և ուժեղն է թելադրում իր կամքը, քաղաքականությունը, իսկ թույլի, առավել ևս ազգադավների ղեկավարություն ունեցող և իրեն պաշտպանել չցանկացող պետությունների հետ չասենք, թե ինչպես են վարվում…

Ի՞նչ է, Նիկոլ հողատուն չի՞ տեսնում, չի՞ լսում, չգիտե՞, թե ինչպես է վարվում, օրինակ, Իսրայելն իրենից թույլ Պաղեստինի, Լիբանանի նկատմամբ, կամ Թուրքիան` Իրաքի… Հասկացանք, որ բավարար կրթություն չի ստացել, բայց գոնե Թումանյան չի՞ կարդացել ու պատկերացում չունի՞, որ մարդասպանը մարդ դառնալուց դեռ շատ հեռու է…

Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարությունը պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա: Այո, ճիշտ է ասել, բայց պետք է դարձնող լինի, ընդ որում, իրականում, գործով, և ոչ թե` մերկապարանոց հայտարարություններով` նախատեսված միայն ներքին սպառման կամ հանրության թեկուզ մի մասին մոլորեցնելու համար:

«Վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավունք,- ասել է Նիկոլը:- Եվ սա է պատճառը, որ Հայաստանն այսօր հարցերի քննության մի քանի հարթակներ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը։ Հետևաբար մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքն ավելի լայնորեն պետք է դառնա քննարկման առարկա՝ ոչ միայն եռակողմ ֆորմատում, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել նաև Ժողովրդավարության գագաթնաժողովին, որն առցանց է լինելու։ Նաև այնտեղ եմ պատրաստվում այս հարցը բարձրացնել»:

Լո՞ւրջ… Հողատուն լո՞ւրջ է ասում… Եվ եթե նույնիսկ լուրջ է ասում, ապա ո՞ր հարցը, սոսկ վարձկանների ներգրավմա՞ն… Բա Ալիևի հայտարարությունների՞, օրինակ, այն մեկի, որ որտեղ ուզի կկանգնի… Եթե հողատուն իսկապես հարց բարձրացնող է և այդ մասին լուրջ է ասում, ապա նրա, այո՛, ոչ թե Հայաստանի, այլ նրա «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» կոչվածը, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը, վերջինի տեղակալները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ինչո՞ւ մինչ այս պահը ձայն չեն բարձրացնում, լռում են Եվրատեսիլում Ադրբեջանի ցուցադրած քարտեզի կապակցությամբ, քարտեզ, որում ոչ միայն Արցախը, այլև Սյունիքն ամբողջությամբ Ադրբեջանի մաս են ներկայացված:

 

Արթուր Հովհաննիսյան