Շուշին կհռչակվի ԹՈՒՐՔՍՈՅ-ի մշակութային մայրաքաղաք

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը կդառնա ԹՈՒՐՔՍՈՅ-ի (Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) մշակութային մայրաքաղաքը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՊԱ-ն։

«Իրականում, այս լուրը կհայտարարվի ԹՈՒՐՔՍՈՅ-ի հանդիպման ժամանակ։ Բայց նորություններին ընդառաջ ուզում եմ ասել, որ 2023 թվականին Շուշան (Շուշի՝ Tert.am) կհռչակվի մշակութային մայրաքաղաք։ Կանցկացվեն միջոցառումներ»,- ընդգծել է Քերիմովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։