Իրանը 18 ամսում վեց անգամ «ապտակ է հասցրել» ամերիկացիներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալիրեզա Թանգսիրին Թեհրանում՝ ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքում «Բասիջ» աշխարհազորի անդամ ուսանողների  հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարություններ է արել։

Այսպիսով, ըստ փոխծովակալի՝ վերջին 18 ամիսներին Պարսից ծոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իրանական զորքերը վեց անգամ հարվածել են ամերիկացիներին։ Ըստ երևույթին, պատահական չէր, որ պարոն Թանգսիրին սկսել է խոսել վերջին 18 ամիսների մասին. մոտավորապես այդքան ժամանակ է անցել այն օրվանից, երբ Միացյալ Նահանգները ահաբեկչություն է իրականացրել Բաղդադի օդանավակայանում, ինչի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ նշանակության ջոկատի լեգենդար հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին։ Նրա խոսքով՝ իրանցի երիտասարդները պետք է իմանան «Պարսից ծոցի կարևորությունը և այն, որ մեր երկիրը աշխարհագրական մեծ նշանակություն ունի»։ «Այս կարևորությունը մեզ դրդել է վեց անգամ ապտակ հասցնել ամերիկացիներին մեկուկես տարվա բախումների ընթացքում, որոնցից շատերը դեռ չեն լուսաբանվել լրատվամիջոցներում»,- ասել է փոխծովակալ Թանգսիրին: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է անցած ամիս ԻՀՊԿ ՌԾՈՒ գործողությունը, որով կանխվեց ամերիկյան զորքերի կողմից Օմանի ծովում իրանական նավթային բեռը գողանալու փորձը, և որի ընթացքում իրանական ուժերը իջան նավի տախտակամածին: Թանգսիրին ասել է, որ հենց դա է ամերիկացիներին հասցրած վերջին ապտակը. «Լցանավը տեղափոխում էր իրանական նավթ, սակայն ամերիկացիների աջակցությամբ հանկարծակի հրաժարվել է բեռը հասցնել մեր երկիր։ Իհարկե, սա մեր առգրավված երկրորդ նավն էր, իսկ նախորդի մասին ոչինչ չի հաղորդվել։ Այն կանգնեցնելու համար մեր զորքերի առաջին խումբը ուղղաթիռային գործողության ժամանակ վայրէջք է կատարել նավթատարի տախտակամածին, իսկ երկրորդ խումբը նավարկելով մտել է նավ։ Սակայն հենց տանկերը շարժվել է դեպի մեր ջրերը, երկու կողմից արագ մոտեցել են երկու ամերիկյան ականակիրներ՝ դեպի մեր ջրեր անցումը թույլ չտալու նպատակով։ Դեպքի վայր է ուղարկվել իրանական վեց արագընթաց մոտորանավակ և երկու նավ։ Իհարկե, մենք ևս հրթիռներ ունեինք, մարտական ​​ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր, սակայն օգտագործել ենք միայն մեր կանոներական նավակները՝ ԱՄՆ էսմինեցների դեմ կռվելու համար, քանի որ ցանկանում էինք նվաստացնել նրանց»,- հավելել է նա։

Մի խոսքով, ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից մեկը լիովին հաստատել է մեր գնահատականները, երբ հոկտեմբերին մենք լուսաբանել էինք Իրանի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպը: Սակայն բանն այն է, որ Թանգսիրին նաև այլ ծրագրի մասին է տեղեկություններ հայտնել։ Անգամ իրանական շատ լրատվամիջոցներ (օրինակ՝ Mehr News գործակալությունը) ուշադրություն են հրավիրել դրա վրա։ Բանն այն է, որ, ըստ նրա խոսքերի, իր զինծառայողներից (այսինքն՝ ԻՀՊԿ-ի) ինը զոհվել են Պարսից ծոցի ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ անմիջական բախումների ժամանակ։ Նույն այդ վերջին 18 ամիսների ընթացքում: Սակայն Թանգսիրին չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել։ Պարզապես, ըստ Իրանի ռազմական առաջնորդի, տարածաշրջանում ամերիկացի զինվորականների հետ բախումների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինը զինվոր է զոհվել, և լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։ ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը միայն նշել է, որ վերջին տարիներին Պարսից ծոցի գոտում բազմաթիվ ուղղակի բախումներ են գրանցվել Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև։

Դրանք շատ անսպասելի տվյալներ են. քանզի ո՛չ իրանական, ո՛չ ամերիկյան կողմերը վերջին մեկուկես տարում երբևէ չեն խոստովանել, որ իրենց զինծառայողները անմիջական բախումների մեջ են մտել Պարսից ծոցի գոտում։ Այժմ, հուսանք, մեր Հայաստանում շատերը կարողացան հասկանալ, որ «մեծ պատերազմը շատ մոտ է»։ Մենք նաև հիշում ենք մի դեպք, երբ Վիետնամի դրոշով «Sothys» նավթատար լցանավը, որը ԱՄՆ պաշտոնական անձանց պնդումների համաձայն, Իրանը զավթել էր 2021 թվականի հոկտեմբերին, ազատ է արձակվել այս ամսվա սկզբին Իսլամական Հանրապետության դատարանի որոշմամբ: Թեհրանը և Վաշինգտոնը կտրուկ անհամաձայնություն են հայտնել «Sothys» լցանավի հետ կատարվածի շուրջ։ ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է իրանական նավթ տեղափոխող նավը գրավելու ԱՄՆ ռազմածովային ուժերի փորձի կանխման մասին։ Պենտագոնի ներկայացուցիչներն իրենց հերթին հերքել են միջադեպի այս վարկածը՝ հայտարարելով, որ Իրանը «անտեղի զավթել է տանկերը և այն տեղափոխել իր ջրային տարածքներ»։ Սակայն փոխծովակալ Թանգսիրիի հայտարարությունները հերքում են ԱՄՆ Պենտագոնի «վարկածը» և ի լրումն՝ աշխարհին հասկացնում, որ բախումների ժամանակ (թեև ոչ հոկտեմբերին) եղել են զոհեր, և Իրանի կողմից առգրավված են եղել երկու նավեր։ Վերջապես 18 ամսվա ընթացքում «վեց ապտակ հասցրեցին ամերիկացիներին»… Այժմ Վաշինգտոնի հերթն է ճանաչել կամ հերքել սույն վեց ապտակները:

Սերգեյ Շաքարյանց