Վտանգված է հայ-ռուսական հարաբերությունների ապագան. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Նոյեմբերի 26-ին Սոչիում  կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

«Ըստ էության խաղաղության դարաշրջանի լոզունգի տակ եզրագծին է մոտենում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պահանջատիրության հանգուցալուծումը: Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերի դեպքում էր, այսօր էլ հանրությունից գաղտնի է պահվում ստորագրվելիք հիմնարար փաստաթղթի բովանդակությունը, մինչդեռ ունեցած համազգային նշանակությամբ այն պիտի դրվի լայն քննարկման, հայկական աշխարհը պիտի հստակ հասկանա, թե հռչակվող խաղաղության դարաշրջանն իրականում ինչ գին կարող է ունենալ  իր համար, փաստացի ինչ ենք կորցնելու, ինչ արժեքներից ենք հրաժարվելու և ով է հանդիսանալու այդ խաղաղության երաշխավորը:

Մինչ այսօր ընթացող բանակցային գործընթացի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որն ապագայում ևս փորձելու է իր ծանրակշիռ ազդեցությունն ունենալ ստորագրվելիք պայմանագրի վրա, ինչը միանգամայն բնական է` հաշվի առնելով տարածաշրջանում ու առհասարակ աշխարհաքաղաքական դասավորումներում ունեցած  նրա հանգուցային դերը:

Հարյուրամյակներով հայ մարդն իրեն տեսել է Ռուսաստանի հետ համագործակցության պատմամշակութային, ռազմաքաղաքական գործակցության դաշտում` համարելով, որ քրիստոնյա հայ ժողովրդի բնական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը քրիստոնյա ռուս ժողովուրդն է: Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանը մնաց տարածաշրջանում ռուսակա հենակետ, ռազմաբազա ունեցող  միակ երկիրը: Պատմական իրողություններով պայմանավորված` հայ մարդը մշտապես կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան,  չափազանց զգայուն է Ռուսաստանի քայլերի, հայկական շահը պաշտպանելու կամ անտեսելու նկատմամբ:

Ցավոք 44-օրյա պատերազմն ու դրա ծանրագույն ելքը մարդկանց մոտ ողջամիտ կասկած են ձևավորել, որ այս ամենը կատարվել է Ռուսաստանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ, որ այն հաջողվել է իրականացնել ռուսական քաղաքական էլիտայում ակնհայտ պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման քաղաքական գործիչների ուժերով: Ակնհայտ է նաև, որ Հայաստանում գերիշխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական համակրանքը, կա վստահություն, որ վերջինս կարևորում է հայկական շահը և թույլ չի տա այն անտեսել:

Այս զգայուն իրավիճակում եթե Հայաստանի կամազուրկ իշխանություններին պարտադրվի ժողովրդի կամքին հակառակ ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ, անդառնալի հարված կհասցվի հայ-ռուսական հարաբերություններին, ժողովուրդի մեջ կամրապնդվի համոզմունքը, որ Ռուսաստանը Հայաստանը դնում է թուրքական զոհասեղանին`անդարձ փակելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների էջը: Արդյունքում կունենանք քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք փոխած Հայաստան, իսկ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ կգծագրվի իսլամական աշխարհի նոր աշխարհագրություն։

Հետևաբար Ռուսաստանը պետք է թույլ չտա, որ ժողովրդի երբեմնի աջակցությունը կորցրած, գերազանցապես հակառուսական դիրքորոշում ունեցող  քաղաքական գործիչներով համալրված հայաստանյան իշխանությունն, առանց ժողովրդի դատին ներկայացնելու, Ռուսաստանի պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման գործիչների ճնշման ներքո ի վնաս Հայաստանի ստորագրի որևէ վերջնական փաստաթուղթ»,- գրված է հայտարարության մեջ: