Երկու թեզ, որոնց վրա հիմնվելով՝ այսօր Հայաստանը տանում են դեպի սողացող մասնատում և մեծ պատերազմ

Երեկվա ասուլիսից հետո պարզ դարձավ, որ բոլոր, կրկնում եմ, անխտիր բոլոր մտավախությունները և գնահատականները առ այն, որ ՀՀ իշխանությունը բացարձակ ու անվերապահորեն զուրկ է իրավիճակի սթափ գնահատելու և վտանգներին ճշգրիտ արձագանքելու ցանկությունից… այս եզրակացությունները հաստատվեցին 100 տոկոսով։

Ես հիմա չեմ թվարկի իրար հակասող և հիմնականում մանիպուլյատիվ, իսկ տեղ-տեղ աբսուրդային արդարացումները և գնահատականները, պարզապես կանդրադառնամ երկու թեզի, որոնց վրա հիմնվելով՝ այսօր Հայաստանը տանում են դեպի սողացող մասնատում և մեծ պատերազմ։

Եվ այսպես…

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին խոսելիս ի հայտ է գալիս մի պնդում, ըստ որի պարզվում է, որ դեմարկացիան իրականում իբր «երկնային մանանա» է, որը մեզ թույլ կտա ապահովել Հայաստանի սահմանների անձեռնամխելիությունը։ Ուրեմն մի գաղտնիք բացեմ`  դեմարկացիան ՉԻ՛ ԿԱՐՈՂ հանդիսանալ երաշխիք արտաքին ագրեսիայից, օրինակ` Թուրքիայի և Սիրիայի սահմանները ճշգրտված են մինչև մի քանի «միլիմետր», սակայն դա բնավ չի խանգարում Թուրքիային օկուպացնել Սիրիայի ինքնիշխան տարածքները, նույնը վերաբերում է Իրաքի հյուսիսային տարածքներին, որտեղ նույնպես պարբերաբար ներխուժում են թուրքական զորքերը։

Հասկանում եմ, որ կարող է  իշխանությունների համար «դարի բացահայտում» արեցի, սակայն միակ երաշխիքը պաշտպանելու քո պետության տարածքը հանդիսանում է ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ, ուրիշ ոչ մի բան։ Հատկապես այն պարագայում, երբ պետությունը, որի հետ փորձում ես հստակեցնել սահմանները, քո պետության ՈՂՋ տարածքը դիտարկում է որպես ԻՐ տարածք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի` ռազմական հանցագործ Ալիևի նկրտումները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ ոչ ոքի համար գաղտնիք չէ։

Երկրորդը` կրկին գաղտնիք բացեմ մեր գերկառուցողական իշխանությունների համար. սահմանները «գծվում են» ոչ թե քարտեզների հիման վրա, այլ միայն պետությունների կենսական շահերի և անվտանգության համակարգի հիման վրա, իսկ թե որքանով է դա համապատասխանում այսօրվա, դե ֆակտո, իրավիճակին, խորհրդային քարտեզներին ու մեր պետության օր օրի ավելի խոցելի դառնալու փաստին, կարծում եմ, որ մեկնաբանելու կարիք չկա։

Եվ ամենակարևորը, միջազգային իրավունքը բացառում է դեմարկացիայի գործընթացի իրականացումը պետությունների միջև, եթե այդ պետություններից մեկի զինված ուժերը օկուպացրել են այլ պետության ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ընդունված տարածքները։ Ես պարզապես հիշեցնեմ մեր քարտեզասեր իշխանություններին, որ Հայաստանի սահմանները ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ամրագրված են, եթե իրենք տեղյակ չեն, ապա ՄԱԿ-ը վկա, կարելի է շատ արագ դա պարզել։

Այսինքն, ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման դեպքում ԴԵՄԱՐԿԱՑԻԱ չի անցկացվում։ Դա աբսուրդ է, դա նոնսենս է, դա ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Սա շատ հակիրճ։

Մենք հետագայում անպայման կանդրադառնանք, իհարկե, Արցախյան հիմնախնդրի աստիճանաբար ադրբեջանացմանը, Թուրքիային Ադրբեջանի հետ կապող «ճանապարհ» տրամադրելու մտադրությանը, այսպես կոչված «անկլավների» խնդիրներին, սակայն գնահատելով և վերլուծելով տարածաշրջանային գործընթացների ու հայկական իշխանությունների մտադրությունների դինամիկան, կարելի է փաստել, որ մեզ սպասում են շատ ծանր օրեր։

Եվ սա առանց որևէ չափազանցության։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից