Այն ժամանակ, երբ Հայաստանի երկնքում կախված էր պատերազմի վտանգը, Երևանում հայտնվեց Պուտինի համար աչքի լույսի պես թանկը

Կարծում ենք, կարիք չկա ներկայացնելու կամ բացատրելու, թե լարվածությունն ինչ աստիճանի է հասել, պատերազմի մինչ այդ էլ գոյություն ունեցող վտանգը որքանով է մեծացել Սյունիքում նոյեմբերի 16-ին հրետանու, հրետանային զինատեսակների, զրահատեխնիկայի գործադրմամբ Ադրբեջանի ԶՈւ կատարած հարձակումից հետո: ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում նույնիսկ տեղեկություններ էին հրապարակվում, թե այդ պատերազմը սպասվում է նոյեմբերի 22-ին, նույնիսկ ժամերի հարց է:

Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համար պատերազմ սանձազերծելու դեպքում այն շատ արագ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի` առնվազն Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկմամբ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ այդպիսի պատերազմն այս պահին Ռուսաստանի համար հույժ անցանկալի ու նույնիսկ վտանգավոր է, որովհետև եթե այն բռնկվեց, այդ պատերազմին ԱՄՆ-ի, Արևմուտքի դրդմամբ անմիջապես հաջորդելու է Ուկրաինայի ԶՈւ լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա, այնուհետ ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմը: Այսինքն` Ռուսաստանը ստիպված է լինելու պատերազմել երկու ճակատով, ընդ որում, բավական լուրջ ռազմական կարողություններ ու հովանավորներ ունեցող պետությունների հետ:

Կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը, Ռուսաստանը վերջին շրջանում իր արտգործնախարարի, թերևս նույնիսկ նախագահի մակարդակով համապատասխան աշխատանքներ էր կատարում Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպելու համար: Այսօր հաստատվեցին ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները, որ այդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին: Թեև չկա որևէ երաշխիք, որ երեք պետությունների ղեկավարների հանդիպումը կբացառի վերոնշյալ պատերազմը, սակայն Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր ու կարևոր է, որ պատերազմը չսկսվի մինչ նոյեմբերի 26-ին նախատեսված հանդիպումը` վիժեցնելով խաղաղության համար գործադրվող դիվանագիտական, քաղաքական բոլոր ջանքերը:

Եվ, ահա, հենց այն իրավիճակում, երբ Հայաստանի երկնքում կախված էր ամեն ժամ սպասվող պատերազմի վտանգը, երկնքից ոչ թե հրթիռներ ու ռումբեր, այլ կարծես խաղաղություն հաստատող հրեշտակներ, Երևանում հանկարծակի իջան Ռուսաստանի ռազմական ավիացիայի պարծանքը, թագն ու պսակը հանդիսացող, աշխարհում իր բարձրագույն սավառնորդությամբ եզակի «Ռուսկիյե Վիտյազի» ավիախմբի նորագույն, բազմաֆունկցիոնալ, ծանր, բայց գերմանևրունակ «Սու-30ՍՄ» կործանիչները:

Թող որևէ մեկը չկարծի, թե հիշյալ ավիախմբի ժամանումը Հայաստան տեղի է ունեցել առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտության, ավելին` առանց նրա հանձնարարության կամ հրամանի: «Ռուսկիյե Վիտյազի» ավիախումբը` աշխարհում իր որակավորմամբ բացառիկ անձնակազմով, Պուտինի պարծանքն են, նրա համար, ինչպես ասում են, աչքի լույսի պես թանկ, և հենց այնպես դուրս չեն գալիս Ռուսաստանից, գնում այլ երկրներ:

Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում նոյեմբերի 21-ին կազմակերպված ռուսական ռազմական ավիացիայի և աշխարհահռչակ կործանիչներով բարձրագույն սավառնորդության, ամենաբարդ հնարքների բացառիկ ցուցադրումը սոսկ ոմանց համար էր ավիաշոու: Շատ ուրիշներ ոչ միայն Հայաստանում, այլև Թուրքիայում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից այլ պետություններում հասկացան, որ Երևան «Ռուսկիյե Վիտյազի»-ի անակնկալ ժամանումը Ռուսաստանի կողմից ճիշտ ժամանակին բավական հզոր ուժի ցուցադրություն, յուրօրինակ ուղերձ էր` ուղղված, հատկապես, Թուրքիային և Ադրբեջանին:

«Կարծում եմ, որ դա նախ մեսիջ է մեր հանրությանը, որ Ռուսաստանն ուժեղ է ու հզոր, քանի որ հանրության շրջանում կարծիք կա, թե Ռուսաստանը թուլացել է,- Presstime.am-ի հետ զրույցում  ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:- Այն նաև մեսիջ է Թուրքիային։ Դրա մասին նաև ուղիղ հարցադրում է եղել, որին դիվանագիտորեն պատասխան է տրվել, որ այդ թռիչքներն այնքան գեղեցիկ են, որ կարող են պարզապես հիանալ դրանցով։ Նրանք կարող էին ասել, որ այդ պետության դեմ չէ, սակայն նախընտրել են ասել, որ գեղեցիկ թռիչքներն են, կարող են նաև դրանցով հիանալ»։

«Փորձագետի խոսքերով, այսինքն, այդ թռիչքների թիրախը նախ հայ հանրությունն է, որ կարող են ՌԴ ԶՈւ-ի կամ օդային ուժերի ներկայությամբ իրեն շատ ապահով զգալ, երկրորդ մեսիջն էլ Թուրքիային է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դիտարկվում է գրեթե իր օդային տարածք ու ինքը կարող է հանգիստ գալ, ցանկացած գործողություն կատարել, այդ թվում իրականացնել չնախատեսված ցուցադրական թռիչքներ. «Այսինքն, պարտադիր չէ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն, կամ պայմանագիր ունենա, որպեսզի գան Հայաստանի երկնքում նմանատիպ ցուցադրական թռիչքներ իրականացնեն»»։

Ընդգծենք, որ Հովհաննիսյանի նշած ՌԴ-ի երկրորդ ուղերձը ոչ միայն Թուրքիային, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ուղղված, այլև նրանից առանձնապես չտարբերվող Հայաստանի ոստիկանական բռնապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հասկանալի է, որ մեր այս կարծիքն ընթերցողների մի մասին կարող է առաջին հայացքից տարօրինակ, անհասկանալի թվալ, նույնիսկ տեղիք տալ ոմանց վրդովմունքին, բայց նրանց էլ միգուցե ամեն ինչ պարզ դառնա, երբ կարդան «ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՌՈՒՍՆԵՐԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ՝ ՉԻ ԲԱՐԵՀԱՃԵԼ ԳՆԱԼ» վերտառությամբ «Հրապարակ»-ի հետևյալ հոդվածը :

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մինչ ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ:

«Դա շատ կարևոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, և այն, ինչը կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն ավիացիայի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլև մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայությունը»,-ընդգծել է դեսպանը:

Ուշագրավ է նաև է նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում գտնվող ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի խոսքը.

«Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդանավակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության»:

 

Արթուր Հովհաննիսյան