Փաշինյանը հստակ չպատասխանեց՝ նոյեմբերի 16-ի հարձակման դեպքով ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանը գրավոր դիմե՞լ է, թե՞ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հստակ չպատասխանեց ԶԼՄ-ներից մեկի հարցին՝ Հայաստանը գրավոր ընթացակարգով արդյո՞ք դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ համապատասխան պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հարցով, արդյո՞ք նրանք կատարում են այդ պարտավորությունները ՀՀ նկատմամբ:

«Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան հրապարակվել է, թե ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո, թե՛ ՌԴ-ին, թե՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք: Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակում է տեղի ունենում՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ տարածք է ներխուժել, և մենք շարունակում ենք քննարկումները, գտնում ենք, որ Ադրբեջանի պահվածքի էֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք: Այս առումով մենք մեզ չենք սահմանափակելու, ՀՀ-ն հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր ատյաններում:

Մենք դրա հետ չենք հաշտվելու, հարկադրանքի քաղաքականությունը ՀՀ-ն չի ընդունելու՝ պատերազմում հաղթողի իրավուն միջազգային առումով չկա: ՀՀ-ն սուվերեն պետություն է, նաև ԱԽ նիստում արտահայտեցի մեր կառավարության ու ժողովրդի կամքը՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, այո, նաև՝ ժողովրդավարությունը: Դա չի նշանակում, թե մենք բանակցային օրակարգերում՝ սահմանազատում, կոմունիկացիաների բացում, Ղարաբաղի հարցի կարգավորում, խաղաղության բանակցություն, որևէ տեղում դեստրուկտիվ չենք պահելու:

Կարծում եմ՝ պետք է լուծումների գնալ, մեր առաքելությունն է, մենք գնալու ենք, բանակցելու ենք, չարչարվելու ենք, պատասխանատվություն ենք մեր վրա վերցնելու և գնալու ենք լուծումների, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն հարկադրանքի ներքո է գործելու. Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո: Մենք բոլոր հասու միջազգային ձեւաչափերն ու լծակներն օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- հայտարարեց Փաշինյանը: