Պատվաստում կամ մահ․ Գերմանիայի իշխանությունները զգուշացնում են իրենց քաղաքացիներին

Գերմանացիների ճնշող մեծամասնությունը կամ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ, կամ հիվանդանա, կամ մահանա մինչև ձմռան ավարտը։ Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հավանաբար մինչև այս ձմռան վերջը, ինչպես երբեմն ցինիկաբար ասում են, Գերմանիայում գրեթե բոլորը կամ պիտի պատվաստվեն, կամ բուժվեն, կամ մահանան»,- ասել է նա։

Շպանն ընդգծել է, որ Գերմանիայում շատ հիվանդանոցներում «շատ-շատ բարդ իրավիճակ է».

Գերմանիայում վերջին շաբաթներին գրանցվել է COVID-19-ի ամենամեծ բռնկումը համավարակի ամբողջ ընթացքում։ Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ Լոթար Ուիլերի՝ այժմ երկրում կա կորոնավիրուսի ավելի քան 500 000 ակտիվ դեպք։ «Ամբողջ Գերմանիան բռնկման մեծ տարածաշրջան է: Սա ազգային արտակարգ իրավիճակ է»,- ընդգծել է նա:

Սոցհարցման արդյունքներով՝ Գերմանիայի բնակիչների ավելի քան 70%-ը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը։