ԱՄՆ պետդեպը պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային հոսք 2-ի հետ կապված ընկերության և նավի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները որոշել են ընդլայնել Հյուսիսային հոսք 2-ի դեմ ուղղված պատժամիջոցների ցանկը՝ դրան ավելացնելով ընկերություն և նավ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով պետքարտուղարությանը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ խոսքը Կիպրոսում գտնվող Transadria Ltd ընկերության և նրան պատկանող Marlin նավի մասին է։

Մեկ այլ նավ՝ Blue Ship-ը, պետդեպարտամենտի կողմից նշվել է որպես Հյուսիսային հոսք 2-ի աշխատանքներին մասնակցող: Միևնույն ժամանակ, դրա դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում, քանի որ այն պատկանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններին առնչվող կառույցին։

Նման քայլերը, նշում է Bloomberg-ը, դժվար թե փոխեն այն կոնգրեսականների կարծիքը, ովքեր կարծում են, որ ԱՄՆ վարչակազմը բավականաչափ պայքար չի մղում Հյուսիսային հոսք 2-ի իրականացման դեմ։

Ավելի վաղ վեց ամերիկացի սենատորներ հանդես են եկել 2022 ֆինանսական տարվա համար ԱՄՆ պաշտպանական բյուջեում փոփոխություններ մտցնելու օգտին, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Հյուսիսային հոսք 2 AG-ի դեմ: Առաջարկվող փոփոխությունը պարտադիր պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային հոսք 2-ի նախագծի օպերատորի` Հյուսիսային հոսք 2 AG-ի նկատմամբ:

Բայդենի վարչակազմն այս տարվա սկզբին պատժամիջոցներ սահմանեց մի քանի ընկերությունների դեմ, որոնք աջակցում էին Հյուսիսային հոսք 2-ին, բայց ոչ այդ նախագծի օպերատորի դեմ: ԱՄՆ ղեկավարությունը կարծում էր, որ Հյուսիսային հոսք 2ի AG գազատարի օպերատորի դեմ պատժամիջոցների սահմանումը կվատթարացնի Վաշինգտոնի հարաբերությունները իր առանցքային դաշնակից Գերմանիայի հետ, բայց չի դադարեցնի նախագիծը։ Այս կապակցությամբ ԱՄՆ-ը հաստատել է այս ընկերության դեմ պատժամիջոցներից հրաժարվելը։

Հանրապետականները, ինչպես ԱՄՆ-ի շատ դեմոկրատներ, անհանգստացած են, որ նախագիծը կարող է մեծացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և Մոսկվային տալ լծակներ՝ ճնշում գործադրելու Վաշինգտոնի անդրատլանտյան դաշնակիցների վրա: