«Հենակետ»․ Ադրբեջան-Իտալիա ռազմական համագործակցություն, սահմանային սադրանքներ, գերիների, ականապատման խնդիրներ

«Հենակետ» տեղեկատվական կենտրոնը ամփոփել է Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին տեղեկությունները։ 

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական ԶՈւ-ի կողմից ամրություններ ստեղծելու կարողությունները զարգացնելու նպատակով նախատեսված զորավարժություններին։ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ Նախիջևանում տեղակայված Առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումները համալիր վարժանք են իրականացրել։

Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում տեղի են ունեցել շտաբային բանակցություններ Ադրբեջանի ՊՆ-ի և Իտալիայի գլխավոր շտաբի պատվիրակությունների միջև։ Նշենք, որ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Բաքուն Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ մի խումբ զինծառայողներ հեռացվել են բանակից, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից վերջիններս ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել:

Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն առաջարկել է ավելացնել Ադրբեջանի ռազմական բյուջեն։ «Ադրբեջանում Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է երկուսից երեք անգամ բարձրացնել մարտական գործողություններին մասնակցող, պաշտպանական գոտում մարտական առաջադրանքներ կատարող զորամասերի զինծառայողների աշխատավարձը:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջայց է կազմակերպել Սանասարի (Ղուբաթլու) շրջան, ապա Կովսականի (Զանգելան) շրջան, որտեղ նրանք այցելել են նոր բացված սահմանային անցակետեր։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին։ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում խորանալու համար նոր սադրանքների է դիմել։ Եվ իրենց քայլերն արդարացնելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություներ է տարածել, թե իբր Լաչինի հատվածի ուղղությամբ նկատել են հայկական զինուժի անձնակազմի և տեխնիկայի կուտակումներ։

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին Ադրբեջանը սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով տեղակայել է անցակետեր։

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սյունիքում հարձակում են գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանի նախաձեռնած հարձակումն ուղեկցվել է լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Ադրբեջանի ՊՆ-ը նախքան հարձակումը սկսելը հայտարարել է, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ ՀՀ ՊՆ-ը հերքել է այդ տեղեկություները։

Հայկական մամուլում ադրբեջանական զինտեխնիկայի խոցման կադրեր են հրապարակվել։ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակումներով լրջորեն վտանգվել է Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի բնակչության կյանքը։

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աքարը հայտարարել է, որ «Թուրքիան այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է»։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն խոստացել է աջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չի մնա «Հայաստանի նոր սադրանքների» դեպքում։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել։ Իսկ ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ զոհվել է 7 ադրբեջանցի զինծառայող՝ 2 սպա և 5 շարքային, և վիրավորել 10 զինծառայող։

Իրանի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էսկալացիայի կապակցությամբ և կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ իր խորին մտահոգության մասին։

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռեժիմի շարունակվող սադրանքների դեմ։ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանժևենը նկատել է, թե Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ բռնության անհիմն ալիք սանձազերծեց Հայաստանի դեմ։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերը Twitter-ում գրել է, թե հայկական տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշան են այն բանի, թե որքան հեռու կգնա Ալիևի ռեժիմը հայկական հողը զավթելու և բռնություն ու ատելություն սերմանելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և արտաքին հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Դևիդ Սիսիլինը դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մտահոգիչ համարելով Ադրբեջանի հարձակման արդյունքում հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին հաղորդագրությունները, նշել է, որ ժամանակն է ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իր առաջարկը։ Իսկ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նկատել է Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, թե իրենք կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ջոլին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմամբ, որի հետևանքով հայկական զորքերը կորուստներ ունեն:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումից և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թ-ի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։

ԵԺԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իրենք վճռականորեն դատապարտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ ԵՄ կայքում տեղակայված պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, թե ԵՄ-ը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ծավալված վերջին իրադարձություններով, որոնք հանգեցրեցին մարդկային զոհերի։

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին հորդորել է հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով և զսպվածություն ցուցաբերել: Եվրոպայի խորհուրդը ևս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։

Իսկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել էսկալացիա հրահրող գործողությունները։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հոյեմբերի 16-ին ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։ ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն ողջունել է ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարը։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո ԵԽ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ ԼՂ-ի շուրջ միջադեպերը կանխելու համար։

Իսկ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, թե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել։

Հայկական լրատվամիջոցներում քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը ադրբեջանական ագրեսիայի ֆոնին նոյեմբերի 14-ից սկսած շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը։

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալությունը, գնահատելով Ղարաբազի զբոսաշրջային ներուժը, հայտնել է, թե մինչև 2025 թ-ն Արցախից գրավված տարածքներ կայցելի մոտ 1 միլիոն մարդ։ Գործակալության տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման սեկտորի ղեկավար Էլգյուն Ջավադովը նշել է, թե մշակել են «Yolumuz Ağdama», «Yolumuz Füzuliyə» և «Yolumuz Xocavəndə» զբոսաշրջային երթուղիների հայեցակարգը

Շաբաթվա ընթացքում ՌԴ-ից խորհրդարանականների, քաղաքագետների, պատմաբանների ու այլ փորձագետների պատվիրակություն է այցելել Շուշի քաղաք։ Հյուրերը նախ ժամանել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան, ծանոթացել են նորակառույց, այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհին»։

Ադրբեջանի տնտեսության նախարարության տարածքների վերականգնման ու զարգացման վարչության փոխտնօրեն Վուսալ Գարաևը հայտարարել է, թե Ղարաբաղի վերականգնման իրենց հիմնական առաջնահերթությունները ներառում են կառավարումն ու անվտանգությունը, ենթակառուցվածքային նախագծերը, տնտեսական ակտիվությունը։

Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Էլնուր Ալիևը հայտարարել է, թե Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղում ավարտին է մոտենում «խելացի գյուղ» նախագծի իրականացումը։

Թուրքիայի անկախ արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիայի (MÜSİAD) վարչության նախագահ Մահմուդ Ասմալըն նշել է, որ Բաքվում ընթացող 25-րդ Միջազգային բիզնես ֆորումին (International Business Forum-IBF) Թուրքիայից մասնակցելու համար ժամանել է 550 գործարար։ Իրենք մտածում են Ղարաբաղի վերականգնման, այնտեղ ստեղծվելիք ենթակառուցվածքների մասին:

Տարածաշրջանային նախագծերի մասին

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե Թբիլիսին հրաժարվել է մասնակցել Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակին, և ինքն այդ դիրքորոշման մասին հայտնել է Բաքվին և Անկարային, որոնք տվյալ հարթակի նախաձեռնողներն են։

Զալքալիանին նշել է, թե իրենք «3+3» բանակցությունների ձևաչափի այլընտրանք են առաջարկում՝ եռյակի ձևաչափի տեսքով, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջան և Հայաստան, իսկ Թբիլիսին կարող է դառնալ հարթակ երկխոսության համար։

Սերբիայի փոխվարչապետ Զորանա Միխայլովիչը հայտարարել է, թե Հարավային գազային միջանցքը կհավասարակշռի գազի գները սերբական շուկայում։ Սերբիա-Բուլղարիա գազատարը Սերբիային հնարավորություն կտա բնական գազ ստանալ այլ մատակարարներից, ինչպիսիք են Հունաստանի հեղուկացված բնական գազի տերմինալները, TAP և TANAP գազատարները, որոնց միջոցով Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի գազը տեղափոխվում է Եվրոպա։

Ռուսական «Lukoil» ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը հայտարարել է, թե իրենց ընկերությունը հետաքրքրված է Ադրբեջանում գազային ծրագրերում ներկայության ավելացմամբ։ Ըստ նրա՝ դեռ ընթանում են «Շահ Դենիզ»-ում մասնաբաժնի ավելացման բանակցությունները։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, մեկնաբանելով Ադրբեջանի էներգետիկ նախագծերին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայտարարել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ապա չի կարելի բացառել մեր էներգետիկ նախագծերին հարևան երկրի մասնակցությունը։

Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Էրդողանի հետ հանդիպմանը նրան նվիրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որն ընդգրկում է ներառում է թյուրքական աշխարհի երկրներն ու տարածքները՝ այդ թվում և Ադրբեջանը։ Էրդողանի և Բահչելիի լուսանկարը՝ քարտեզով, հրապարակվել է կուսակցության Twitter-ի էջում։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Իրանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում նավթային հանքավայրերի յուրացման հարցը և համաձայնության են եկել գազի ոլորտում։ Ըստ Օուջիի՝ իրենք բանակցություններ են վարել հարևան երկրներից, այդ թվում՝ Թուրքմենստանից Ադրբեջան գազի փոխանակման շուրջ։

Շաբաթվա ընթացքում Բաքվում իր աշխատանքն է սկսել 25-րդ Միջազգային բիզնես ֆորումը (International Business Forum – IBF), որին մասնակցել են շուրջ 30 երկրներից պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, առևտրի պալատների և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, մոտ 500 օտարերկրյա ներդրողներ և ձեռներեցներ։ Բիզնես ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Ադրբեջանում շարունակում են ապօրինի քրեական գործեր հարուցել հայ ռազմագերիների նկատմամբ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ավարտվել է մի շարք քրեական գործերի նախաքննությունը։ Գործի նյութերն ուղարկվել են Գանձակի (Գյանջա) ծանր հանցագործությունների դատարան։

Ադրբեջանական մամուլում և սոցցանցերում տեսանյութեր են տարածվել այն մասին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նոր գերիներ են վերցնում, նրանց նսեմացումների ու խոշտանգումների են ենթարկում։

Հայկական կողմի հաղորդմամբ՝ նոյեմբերի 16-ի մարտերի հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողներից չորսի վերաբերյալ դիմումներն իրավապաշտպաններն ուղարկել են ՄԻԵԴ։

Ադրբեջանցի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը հայտնել է, որ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքու է ժամանել ձերբակալված հայերին Հայաստան տանելու համար։ Բանակցությունների արդյունքում Մուրադովը վերադարձել է Երևան՝ իր հետ տանելով հայ զինծառայողի դի։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) տեղեկատվություն է տրամադրել շաբաթվա ընթացքում Ղարաբաղում իրականացվող գործողությունների մասին։ Ընդհանուր առմամբ, ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է 63,6 հա տարածք։

Նոյեմբերի 15-ին Ակնայում ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի է մահացել։ Իսկ նոյեմբերի 19-ին զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության երկու աշխատակից է վիրավորվել: