Նիկոլը «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով չի հանձնելու Ադրբեջանին, այլ պարտվողական պատերազմով

Արցախի հիմնական մասի առնչությամբ դրա փորձն արդեն կա

 

Դեռ 44-օրյա պատերազմից, Արցախի շուրջ 75 տոկոսի կորստից առաջ հրապարակայնորեն ասում էինք, որ Նիկոլն Արցախի ազատագրված տարածքները (նկատի ունեինք հինգ շրջանները) Ադրբեջանին ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով է հանձնելու, այլ նախապես ծրագրված պարտվողական պատերազմով, այսինքն` դավաճանաբար: Չսխալվեցինք: Պարզապես այն ժամանակ չգիտեինք, չէինք էլ կարող նույնիսկ պատկերացնել, որ Շուշին, Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը, Արցախի և Հայաստանի այլ տարածքներ նույնպես, դրանց հետ որպես վրադիր, հանձնվելու են թշնամուն:

Հիմա էլ ասում ենք, որ Նիկոլը «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով չի հանձնելու Ադրբեջանին, այլ պարտվողական պատերազմով, եթե ավելի շուտ չկարողանանք կանխել այս սցենարի իրագործումը: Անշուշտ, չենք կարող բացառել, որ Նիկոլի փոխարեն, դա կարող է անել մեկ ուրիշը, եթե Արևմուտքը կամ աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը որոշեն թեկուզ զինված, բայց բեմականացված, Նիկոլի հետ պայմանավորված հեղաշրջմամբ նրան փոխարինել հայաստանյան Սահակաշվիլիով կամ Զելենսկիով, ասենք, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածից: Հնարավոր է նաև, որ Ադրբեջանն իր և Թուրքիայի համար Զանգեզուրի միջանցքը ռազմական ճանապարհով բացի հենց այդ բեմականացված հեղաշրջման ընթացքում:

Չնայած, ինչպես հայտնի դարձավ նոյեմբերի 19-ին, Ալիևը և Նիկոլը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ինչը կարող է այն սխալ տպավորությունը ստեղծել, թե գոնե մինչև այդ չպետք է պատերազմի սպասել, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հենց նույն օրը` նոյեմբերի 19-ին էլեկտրոնային փոստով անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում Էլիսոն Թահմիզյանը գրել է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է. «Մի՛ մեկնեք Հայաստան»»։

«Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելված է որևէ ճանապարհորդություն կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի Մ17 և Կապան-Ճակատենի մայրուղիներով,- նշված է ԱՄՆ դեսպանության նամակում- ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ուղևորություններից»:

Վերը շարադրվածը մի՞ թե չի հուշում, որ Զանգեզուրի միջանցքի համար պատերազմը մոտ է…

Չնայած Բրյուսելում անցած ուրբաթ տարածված Եվրոպական խորհրդի հայտարարության համաձայն, «Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», ըստ ՊՆ-ի հաղորդագրության, «Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)»։

Դժվա՞ր է այս ամենից համապատասխան հետևություններ կատարելը… Ընդ որում, ոչ միայն այն առումով, որ Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն թշնամու կողմից ենթակա է խախտման ու մեզ համար որևէ արժեք չունի, եթե նույնիսկ այն երկուստեք ձևական ու հայաստանյան հանրությանը խաբելու, ավելի ճիշտ, նրա գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակ չի հետապնդում:

Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ ոչ թե Սյունիքով անցնող, Հայաստանի կամ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող ճանապարհ են ուզում, այլ միջանցք, որն իրենց լիարժեք տնօրինության, տիրապետության ու ռազմական հսկողության տակ է լինելու: Ավելին. նպատակ է դրված Սյունիքն ընդհանրապես կտրել Հայաստանի մնացյալ մասից:

Նոյեմբերի 11-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին Հայաստանի ոստիկանական բռնապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի տված հարցազրույցից էլ է պարզ, որ Նիկոլն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով, Զանգեզուրի միջանցք չի տալու Ադրբեջանին ու Թուրքիային: Հետևաբար ինչ-որ սադրանքից հետո կամ առանց դրա, թշնամու կողմից կայծակնային պատերազմ (բլիցկրիգ) է սպասվում, Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանին տրվելու է պարտվողական պատերազմով, հերթական դավաճանությամբ, եթե դրա դեմը չառնվի: Ինչո՞ւ եք այսքան հանգիստ… Ո՞ւմ վրա եք ձեր հույսը դրել… Եվ ի՞նչ արժեք է ունենալու ձեր ուշացած զղջումը:

 

Արթուր Հովհաննիսյան