Եվրոպան բողոքում է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ. տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ

Եվրոպական մի քանի մայրաքաղաքներում վերջին օրերին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով եվրոպական կառավարությունների կողմից սահմանած հակավիրուսային նոր սահմանափակումների դեմ։ Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Գրում է bbc.com-ը:

Բրյուսելում կիրակի օրը տեղի է ունեցել հակավիրուսային միջոցառումների դեմ ուղղված ամենամեծ բողոքի ցույցերից մեկը․ ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատել է 35 հազար մարդ։ Ոստիկանները ցուցարարներին  դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Ցուցարարները, առաջին հերթին պահանջել են քովիդ-անձնագրերի վերացում, որոնցով պատվաստված մարդկանց թույլ են տալիս մուտք գործել հասարակական վայրեր։

Սահմանափակումների նոր ալիքի շրջանակներում Բելգիայի կառավարությունը ցանկանում է խստացնել դիմակներ կրելու կանոնները։

Բացի այդ, նոր կանոնների համաձայն, բելգիացիների մեծ մասը մինչև դեկտեմբերի կեսերը շաբաթը չորս օր կաշխատեն տանից: Կառավարությունը նաև ցանկանում է պարտավորեցնել բոլոր բուժաշխատողներին պատվաստվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է եվրոպական մայրցամաքում վարակվածների թվի արագ աճով։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն BBC-ին հայտնել է, որ եթե Եվրոպայում հակավիրուսային միջոցները չխստացվեն, փորձագետները կանխատեսում են մոտ կես միլիոն մարդու մահ:

«Covid-19-ը ևս մեկ անգամ դարձել է մեր տարածաշրջանում մահվան հիմնական գործոնը»,- ասել է նա:

Շաբաթ օրը Նիդերլանդներում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույցերի երկրորդ օրը։ Հաագայում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ ՕՄՕՆ-ը շներով ու մահակներով ցրել է ցուցարարներին։

Հաագայի ոստիկանությունը հայտնել է, որ բախումների հետևանքով վիրավորվել է անվտանգության հինգ աշխատակից: Մեկին ծնկի վնասվածքով տեղափոխել են շտապօգնության մեքենայով։

Շաբաթ երեկոյան Ռոտերդամում նույնպես բողոքի ցույցեր ու բախումներ են եղել։ Յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկաններ։ Եվս 20-ը բերման են ենթարկվել։

Խորվաթիայում շաբաթ օրը մի քանի հազար մարդ դուրս է եկել Զագրեբի փողոցներ՝ բողոքելով տարեց աշխատողների պարտադիր պատվաստումների դեմ։

Վիեննայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց այն բանից հետո, երբ կառավարությունը երկուշաբթի օրվանից հայտարարեց համազգային նոր արգելափակում և նախատեսում է պատվաստումները պարտադիր դարձնել 2022 թվականի փետրվարից:

Եթե ​​դա տեղի ունենա, Ավստրիան կդառնա առաջին երկիրը, որը օրինական կերպով կպարտադրի քաղաքացիներին պատվաստել:

Ցուցարարները ծածանել են ազգային դրոշներ, պահանջել «ազատություն» և դիմադրության կոչեր են հնչեցրել։