Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու ՈՒԱԳՄ նախագահը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը նոյեմբերի 19-ին հյուրընկալվել է Ուկրաինայի արդյունաբերողների ու գործարարների միությունում (ՈւԱԳՄ), որտեղ հանդիպում է ունեցել ՈւԱԳՄ նախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ Անատոլի Կինախի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության նոր ձևաչափերի հայտնաբերման հնարավորությունները՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ապահովելու նպատակով:

AnalitikaUA.net –ը տեղեկացնում է, որ հանդիպմանն առցանց ձևաչափով միացել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: Նշվել է, որ Հայաստանը շահագրգռված է իր շուկա հացահատիկի և եգիպտացորենի մատակարարումը դիվերսիֆիկացնելու հարցում։ Ուկրաինան չափազանց գրավիչ գործընկեր է այդ հարցում, սակայն թանկարժեք լոգիստիկ հնարավորությունները (լաստանավային անցում) կարող են խանգարել:

«Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել ցորենի և եգիպտացորենի մատակարարումը: Ուկրաինան մեզ համար գրավիչ գործընկեր է: Խնդիրը թանկ լոգիստիկ հնարավորություններն են: Մենք արդեն խորհրդատվություն ենք անցկացնում Վրաստանի հետ, որը նույնպես դիտարկում է նույն ապրանքն Ուկրաինայից բերելու հարցը, կներգրավենք նաև եվրոպական գործընկերներին, որպեսզի միասին մտածենք ծախսերի ամորտիզացիայի մեխանիզմների մասին և այդպես լուծենք այդ խնդիրը»,-նշել է Վլադիմիր Կարապետյանը:

Կողմերը նշել են, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը դեռ չի համապատասխանում տնտեսական առկա ներուժին՝ տարեկան շրջանառությունը 140-150 մլն  դոլարի մակարդակի վրա է, որի 90 տոկոսն ուկրաինական ապրանքների արտահանումն է:

Իր հերթին, ՈւԱԳՄ նախագահն առաջարկել է Ուկրաինայի և Հայաստանի գործարար շրջանակներին համակարգված երկխոսության գնալ։  Դա հնարավորություն կտար բարձրացնել ապրանքաշրջանառության ցուցանիշները, ինչպես նաև միասնական դիրքորոշում որդեգրել լոգիստիկայի, երբեմն՝ սակագների կարգավորման և այլ հարցերում։

Կողմերը պայմանավորվել են, որ ՈւԱԳՄ-ն դեսպանությանը կտրամադրի բիզնես խորհրդատվության բոլոր առաջարկները: