Հակառուսական արշավի հիմնական նպատակը՝ Թուրքիայի հսկողությամբ, Հայաստանով, Պարսից ծոց-Սև ծով ՄԻՋԱՆՑՔ տալն է

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնք ինձ համար որոշ բաներ ավելի հստակ են դարձնում։

Երեկ Հայաստանում Իրանի դեսպանատունը մամուլին հայտնեց, որ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ ՄԻՋԱՆՑՔԻ մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը։

Թվում էր, թե ամիսներ շարունակ Հայաստանով անցնող և միջազգային վերահսկողական ստատուս ունեցող ՄԻՋԱՆՑՔԻ դեմ հանդես եկող գործիչները, փորձագետները պետք է որ վրդովված ելույթներով հեղեղեին համացանցը։ Սակայն, քար լռություն։

Ովքե՞ր են Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ ՄԻՋԱՆՑՔԻ տարածաշրջանային մասնակիցները։ Բացի Հայաստանից մասնակից են Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան։

Ստացվում է, որ ՄԻՋԱՆՑՔԻՆ մասնակցում են՝

Վրաստանը – ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա

Բուլղարիա – ՆԱՏՕ, ԵՄ, Թուրքիա

Հունաստան – ՆԱՏՕ, ԵՄ

Այսինքն ՄԻՋԱՆՑՔԻՆ փաստացի ամեն տեղ մասնակցում է Թուրքիան, և որպես ՆԱՏՕ անդամ, և որպես Վրաստանին և Բուլղարիային վերահսկող երկիր։

Եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա այսօր չկա տարբերակ, որը Հայաստանին ձեռնտու է, սակայն…։

Ռուսաստանն առաջարկում է իր օգնությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում իր ունեցած ճշգրիտ քարտեզներով և ճանապարհների բացման հարցում։ Ընդ որում Ռուսաստանը մի քանի անգամ շեշտում է, որ միջանցքի մասին խոսք չի գնում։ Միաժամանակ Ռուսաստանը Թուրքիայի առջև կարմիր գծեր է քաշում։

Ռուսաստանի ամեն մի առաջարկից հետո ողջ լրատվական դաշտը հեղեղվում է հակառուսական հիստերիայով։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները՝ ՆԱՏՕ-ի քավորությամբ, փաստացի դեմ են գնում Ռուսաստանի առաջարկին, պայմանավորված օպերացիա են կազմակերպում և հանկարծ ծնվում է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի փաստացի վերահսկողության տակ գտնվող ՄԻՋԱՆՑՔԻ բացման վերջին քայլերի մասին լուրը, իսկ Փաշինյանն ու Ալիևը համաձայնում են հանդիպել Բրյուսելում։

Այսինքն ի՞նչ։ Ռուսաստանի առաջարկած ճանապարհների բացումն անընդունելի է, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի փաստացի վերահսկողության տակ բացվող ՄԻՋԱՆՑՔԸ ընդունելի՞։

Ի՞նչ կլինի ժամանակի ընթացքում Պարսից ծոց-Սև ՄԻՋԱՆՑՔԻ բացման դեպքում․

  1. Հայաստանով անցնելու է միջազգային վերահսկողության տակ գտնվող ՄԻՋԱՆՑՔ։
  2. ՄԻՋԱՆՑՔԻ կուրատորը փաստացի Թուրքիան է լինելու։
  3. Դա բերելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այսպես կոչված լավացման մեզ համար իր բոլոր բացասական հետևանքներով։
  4. Ռուսաստանը չի մասնակցում և նույնիսկ դուրս է գալիս։
  5. Հայաստան-Թուրքիա լավացման ֆոնին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լավացում, խաղաղություն և այլն։
  6. Եվ որպես վերջաբան, միևնույն է, Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացում, դելիմիտացիա և դեմարկացիա, բայց արդեն հայտնի չի, թե որ քարտեզներով։ Միգուցե 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրո՞վ (9000 կմ2)։

Արդյունքում գալիս ենք նույն հանգրվանին, որի դեմ հանդես է գալիս ընդիմադիր դաշտը և հակառուսական հիստերիա բարձրացնողները՝ կոմունիկացիաների բացում, դելիմիտացիա և դեմարկացիա, բայց դրան գումարած արդեն ՆԱՏՕ և Թուրքիա վերահսկողության տակ ՄԻՋԱՆՑՔ՝ հայ ժողովրդի ոչնչացման և Հայաստանը մի մեծ պոռնկատուն դարձնելու համար երաշխավորված սցենարով։

Այսինքն, հակառուսական արշավի հիմնական նպատակը՝ Թուրքիայի հսկողությամբ, Հայաստանով, Պարսից ծոց-Սև ծով ՄԻՋԱՆՑՔ տալն է։

Եվ վերջում։ Այսօր հաճախ ենք լսում այն մասին, որ Ռուսաստանին կարող են դուրս մղել Հարավային Կովկասից իր սխալ քաղաքականության պատճառով։ Նման մտքեր արտահայտողներն այնպես ես խոսում կարծես թե Հայաստանը Իսլանդիայի մոտ գտնվող մի պետություն է, որը կարող է իրեն թույլ տալ նման ձևով մտածել։

Ռուսաստանին ոչ մեկ դուրս չի կարող հանել Հարավային Կովկասից, որովհետև Ռուսաստանն ինքը դուրս կգա, եթե տեսնի, որ Հարավային կովկասի ժողովուրդները, որոնք հասել են մինչև 21-րդ դար հենց Ռուսաստանի շնորհիվ, անշնորհակալ գտնվելով անվերադարձ հատել են կարմիր գիծը Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ռուսաստանն իր պատմության ընթացքում մի քանի ծանրագույն լծերի տակ է եղել, բոլորից ազատագրվել է և նոր տարածքներ է նվաճել։ Մեծ հաշվով առանց Հարավային Կովկասի էլ, մինչև իր վերջնական հաղթանակը, Ռուսաստանը ժամանակավորապես կդիմանա, իսկ ահա Հարավային Կովկասի քրիստոնյա ժողովուրդները՝ ոչ։

Այստեղ հարցը այլ է։ Եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից, սակայն որոշ ժամանակ անց, իրավունքի ուժով վերադառնա՝ ԽՍՀՄ տարածքային ամբողջականության վերականգնման արդարացի պահանջով, ապա շատ մեծ հարցական է, թե ի՞նչ հեղինակությամբ և կարգավիճակով Հայաստանը ետ կվերադառնա։

Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ Հայաստանն ու հայ ժողովուրդը հստակ, առանց երկմտելու, ընտրեց իր կողմն ու խրամատը, գիտակցելով նաև իր ընտրության ռիսկերը, և հաղթանակից հետո ձեռք բերեց մեծ հեղինակություն, հաղթանակի պտուղներից իր բաժինը ստացավ և մասնակից դարձավ կայսրության կառավարման գործընթացին։

Ռուսաստանը, այսօր, իր քայլերով, ժամանակ է շահում՝ իր ապագա հաղթանակին 100%-ով պատրաստվելու համար և այդ ճանապարհին պրակտիկորեն իրեն դժվար թե արդեն կարողանան կանգնեցնել։ Ռուսաստանի «սխալ» քայլերի համար անհանգստանալ պետք չէ, բայց ինքներս մեզ համար անհանգստանալու շատ բան ունենք։