Սահմանային զարգացումներ, նոր զոհեր և գերեվարվածներ, վարժական հավաքներ․ «Հենակետի» ամփոփումը

Անվտանգություն․ «Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում համացանցում և լրատվական կայքերում ակտիվ քննարկվում էր Սյունիքի և Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու վերաբերյալ թեմաները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում և ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում են ապահովել։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մանրամասն հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական զինտեխնիկան ու զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Իսկ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը, ով զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը:

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում էլ նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է անցակետեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից սկսած ադրբեջանցիները սկսել են մաքսակետեր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում։

ԱԱԾ հայտարարությունից տեղեկանում ենք նաև, որ Ճակատենի այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին մաքսակետ տեղադրելն ուղիղ ազդեցությամբ կապված է հայկական 6 գյուղերի՝ Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի, Շիշկերտի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Բախում է սկսվել այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական ԶՈՒ-ն լքեն այդ երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Թշնամին լայնածավալ հարձակում է գործել, կիրառելով նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ինտենսիվ մարտերը շարունակվել են մի քանի ժամ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունն էլ հարաբերականորեն կայունացել։

Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 13 զինծառայող գերեվարվել է: Այս պահի դրությամբ ճշտված տվյալներ կան վեց զոհի, քսանչորս անհետ կորածի մասին:

Նոյեմբերի 16-ին ԱԺ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում։

ՀՀ վարչապետի մեկնաբանմամբ էլ` 2021թ–ի մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ 41 ք/ կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո` արցախյան առաջին պատերազմի հետևանքով։

«Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Երբ որ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ռեակցիան հետևյալն է` այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ բալանս կա։ Տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին, և կան տարածքներ, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին` հանգամանքներից ելնելով»,– ասել է Փաշինյանը։

Հաջորդ օրը, կառավարության նիստում վարչապետը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ճշգրտել ՌԴ ՊՆ առաջարկի մանրամասներն ու փորձել իրագործել դրանք։ Ըստ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ՌԴ–ը 2020թ–ի մայիսի 12-ից ի վեր 3 առաջարկ է արել։ Դրանք երեքն էլ ընդունելի են եղել ՀՀ–ի համար։

Նա նշել է, որ մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ: Սակայն նախաձեռնությունը մինչ օրս կյանքի չի կոչվել: Աղաջանյանը ՀՀ կառավարությանը կոչ է արել հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի դին:

Ըստ մեր լրատվական կայքերի՝ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։ Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են։

Սակայն ՊՆ-ն հերքել է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները։

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել նաև Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնագրի պահպանման օգտին, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՀԱԿՊ քարտուղարն ընդգծել է, որ հայ և ադրբեջանական կողմերի միջև շփման գծում լարվածությունը պահպանվում է՝ չնայած ձեռնարկվող քայլերին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս կոչ է արել Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց։

Խոսելով հայ-ռուսական պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը «պատասխանատու կերպով է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին»։

ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։ Նա ընդգծել է նաև, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խաղաղ գործընթացը:

ԵԺԿ-ն կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել «հայ-ադրբեջանական սահմանին» տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ։

Freedom House-ը իր թվիթերյան էջում երեք կարճ գրառում է արել նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական էսկալացիայի մասին, մտահոգություն հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով, կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ։

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

Պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Սույն թվականի նոյեմբերի 13-ին Արցախի ԱԻՊԾ–ն հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են ս.թ. հոկտեմբերի 18-ից։ Այդ օրվանից սկսած որոնումներ իրականացնելու` հայկական կողմի բոլոր առաջարկներն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում։ 

ՊՆ անցուդարձի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պահեստազորայինների վարժական հավաքներ է անցկացնում։ Հավաքները սկսվել են նոյեմբերի 18-ից և կավարտվեն դեկտեմբերի 18-ին։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 202 քաղաքացի, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: