Արցախի Հանրապետության նախագահն Ասկերանում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: