Հայաստանն իրազեկում է հակամանրէային կայունության մասին

Գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային դեղերի հանդեպ կայունության մասին իրազեկման և վերացման նպատակով 2021 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀԴԿ) հսկողության և կանխարգելման 2023-2027 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները և ՀՀ կառավարության 2026-2027 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջգերատեսչական միջոցառումները:

Ամեն տարի նոյեմբերի 18-24-ը նշվում է Հակամանրէային կայունության մասին իրազեկման միջազգային շաբաթը, որը նպատակ ունի բարձրացնել հակամանրէային կայունության մասին իրազեկվածությունը և խրախուսել հակաբիոտիկների խելամիտ օգտագործումը հասարակության, առողջապահության ոլորտի աշխատակիցների, ֆերմերների, կենդանիների առողջության գծով մասնագետների և քաղաքականություն մշակողների շրջանում՝ խուսափելու դեղակայուն վարակների հետագա առաջացումը և տարածումը:

Հանդիպմանը մասնակցում  էին ՀՀ Առողջապահության, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկների օգտագործումն ամբողջ աշխարհում զգալիորեն գերազանցում է մարդկանց շրջանում օգտագործման մակարդակը», – նշեց ՊԳԿ հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանը: «Քանի որ Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության տարածվածության տվյալները սակավ են, ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերահսկողության և լաբորատոր կարողությունների զարգացման հարցում»։

2017 թվականից ի վեր ՊԳԿ-ն հինգ երկրում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում՝ ուղղված պարենային և գյուղատնտեսական արտադրության մեջ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման նվազեցմանը: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է ընտրված երկրների պարենի և գյուղատնտեսության ոլորտում իրականացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանը միտված  ազգային ծրագրերի մշակում ու կատարում: Ծրագիրը կենտրոնանում է մի քանի հիմնական գործոնների վրա, մասնավորապես` կարգավորիչ հարթակներ և օրենսդրության ամրապնդում, ազգային լաբորատորիաներում հակամանրէային դեղերի, ՀԴԿ-ի և հակամանրէային մնացորդների օգտագործման վերաբերյալ տվյալների հավաքագրում և կարողությունների օգտագործում, գործելակերպերի բարելավում՝ հակաբիոտիկների օգտագործումը և անհրաժեշտությունը նվազեցնելու և ՀԴԿ-ի փոխանցումը սննդամթերքի շղթայում կանխարգելելու համար, ռազմավարական շահերի պաշտպանության և բազմոլորտային համակարգում «Մեկ առողջություն» մոտեցման վեր հանում մատնանշելով մարդկանց, կենդանիների շրջանում, բույսերի մեջ և շրջակա միջավայրում ՀԴԿ-ի վտանգները։