Մարտակերտում և Ստեփանակերտում կգործեն կիրակնօրյա դպրոցներ

Ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսից «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու երիցատանը և Ստեփանակերտում՝ Արցախի թեմի առաջնորդարանում, շաբաթական 1 օր անվճար հիմունքներով կգործի կիրակնօրյա դպրոց 8-12 տարեկան երեխաների համար։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը նշեց, որ ծնողների արձագանքը դրական է. նրանք անպայմանորեն ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն կիրակնօրյա դպրոցում։

«Դիմող ծնողների մի զգալի մասի երեխաները փոքր կամ մեծ են մեր կողմից այս պահին ընտրված տարիքային շեմից։ Այդ պատճառով, ցավոք սրտի, ստիպված ենք լինում նրանց մերժել` հուսալով, որ ապագայում արդեն կկարողանանք տարիքային շեմի սահմանները մեծացնել, և այդ երեխաները ևս հնարավորություն կստանան կիրակնօրյա դպրոցում սովորելու: Այս պահին մոտ 40 երեխա արդեն գրանցվել է: Առաջիկայում նախատեսված է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից ևս ունենալ կիրակնօրյա դպրոց: Ցանկալի է, որ բոլոր շրջկենտրոններում ունենանք կիրակնօրյա դպրոցներ, ուղղակի խնդիրը հնարավորությունների բացակայությունն է` շենքային պայմանները, երեխաներին անհրաժեշտ գույքը և այլն»,- ներկայացրեց մեր զրուցակիցը և հավելեց՝ այն ծնողները, ովքեր կցանկանան, որ իրենց երեխաները շաբաթվա մեջ մեկ անգամ այցելեն կիրակնօրյա դպրոց, կարող են զանգահարել 097 323 770 հեռախոսահամարով, իսկ Մարտակերտի փոքրիկների ծնողները՝ 097 241 876 կամ 094 313 388 հեռախոսահամարներով: