ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2024 թ․ հետո Պուտինին որպես նախագահ չճանաչելու մասին բանաձևի նախագիծ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի նախագիծ են առաջ քաշել, որով կոչ է արվում չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես երկրի ղեկավար, եթե վերջինս նոր ժամկետով առաջադրվի 2024 թվականի ընտրություններում: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ նշելով, որ ընդունվելու պարագայում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու:

Բանաձևի հեղինակներ Սթիվ Քոհենը և Ջո Ուիլսոնը գրում են, որ Պուտինը իշխանության գլխին է գտնվում ընտրություններում արվող խախտումների շնորհիվ, իսկ հետագայում նրա գտնվելը պաշտոնում անօրինական է: Վերջիններս օրենքի և Ռուսաստանի միջազգային պարտավորվածությունների խախտում են անվանել նաև 2020 թվականին արված սահմանադրական փոփոխությունները:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ներկայիս ժամկետի ավարտից հետո պաշտոնում մնալու ցանկացած փորձ 2024 թվականի մայիսի 7-ից հետո պետք է հանգեցնի ԱՄՆ-ի կողմից չճանաչման»,- ասվում է բանաձևի նախագծում:

Համառուսական հանրաքվեի անցկացման արդյունքում ՌԴ Սահմանադրությունում փոփոխություններ են արվել 2020 թվականին: Փոփոխությունների հիման վրա Վլադիմիր Պուտինն այնուհետև օրենք է ստորագրել, որն իրեն իրավունք է տալիս ևս երկու անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում: