Աֆղանստանից տարհանված ՀՀ քաղաքացիներն արդեն Մոսկվայում են

Քաբուլից Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներին տարհանած ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում: «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանութան նախարարությունից:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները, որոնք ներգրաված էին Աֆղանստանի Հանրապետությունից քաղաքացիների տարհանման գործում, վայրէջք են կատարել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Տարհանվել են  Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի Հանրապետության և Աֆղանստանի Հանրապետության քաղաքացիներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու:  ՀՀ ԱԳՆ-ը հաղորդել էր, որ Աֆղանստանում ՀՀ երկու քաղաքացի կա։