ԱՄՆ-ի, Արևմուտքի հրեշավոր կեղծավորությունը` այստեղ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից կամ նոր պատերազմից առաջ

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոյեմբերի 14-ի երեկոյից սկսած զինված ագրեսիայից կամ Ալիև- Նիկոլ պայմանավորվածությունների հերթական փուլի կատարման մեկնարկից 2 օր հետո ասպարեզ եկան Արևմուտքի և ՄԱԿ-ի առաջին արձագանքները` ձևական ու հերթապահ հայտարարություններ, որոնք, բնականաբար, ոչինչ չեն տալիս ագրեսիայի ենթարկված մեր երկրին, ինչպես չտվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից առաջ:

Նրանք սին ու կեղծ մտահոգություններ, անհանգստություններ հայտնեցին` ընդամենը նման դեպքերում իրենց կողմից անհրաժեշտ համարվող քաղաքական ձևականություններ, ինչպես նաև հրադադարը պահպանելու անատամ, անպտուղ կոչեր, ընդ որում, հավասարապես ուղղված երկու կողմերին` և՛ ագրեսորին, և՛ ագրեսիայի ենթարկվածին, դրանով իսկ մեծ հաճույք պատճառելով Ալիևին: Բացի դրանից, այդ կոչերն Ալիևին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հիմք են տալիս հրադադարն առաջիկայում ևս խախտելու` կեղծ պատճառաբանությամբ, թե Հայաստանը չհետևեց ձեր կոչին, առաջինը խախտեց այն, մենք ինչո՞ւ պետք է հետևենք և արժանի դաս չտանք հակառակորդին:

Ֆրանսիա. Ադրբեջանի ագրեսիային հաջորդած այդպիսի առաջին հայտարարություններից մեկը Ֆրանսիայինն է` տարածված նրա ԱԳՆ-ի կողմից:

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում»:

Պարզվում է, ռազմական բավական լավ, այդ թվում նաև արբանյակային հետախուզություն ունեցող Ֆրանսիայի համար ծանր զինատեսակների կիրառումը նույնիսկ նոյեմբերի 16-ի դրությամբ դեռ ենթադրյալ էր, իսկ ենթադրյալ էր գիտե՞ք ինչու… Որովհետև Ադրբեջանն է դրանք (հրետանի, զրահատեխնիկա) կիրառել:

Կանադա. թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառմամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ջոլին հայտարարել է, թե Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմամբ, որի հետևանքով հայկական զորքերը կորուստներ ունեն:

«Մեր մտքերը զոհվածների ընտանիքների և մտերիմների հետ են:

Մենք ապաէսկալացման կոչ ենք անում խնդրի խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը:

Ինչպե՞ս հավատալ, թե Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմամբ, ու թե Կանադայի ղեկավարության մտքերը զոհվածների ընտանիքների և մտերիմների հետ են: Տո ստի՛… Սատանան գիտե, թե նրանց մտքերը որտեղ են` դաշնակցել աշխարհը խառնող ԱՄՆ-ին, սեռական պղծություններ, այլանդակություններ կամ ԼԳԲՏ քարոզչության աջակցություն, էլ ավելի հարստանալու մոլուցք… Այդպես չէ՞… Համենայն դեպս, Կանադայի ղեկավարության և անձամբ արտգործնախարարի մտքերը Հայաստանի կողմից զոհվածների ընտանիքների և մտերիմների հետ չեն, հակառակ պարագայում գիտեին ինչ պետք է հայտարարել և անել` Ադրբեջանին զսպելու համար:

ԱՄՆ. ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումների վերաբերյալ տեղեկություններով:

Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Մենք նաև կոչ ենք անում կողմերին կառուցողական կերպով կարգավորել բոլոր չլուծված, այդ թվում՝ սահմանների դեմարկացիային վերաբերող հարցերը»:

Պատկերացնո՞ւմ եք` սա աշխարհում իրեն գերտերություն հռչակած պետության հայտարարությունն է, որը գրեթե ամեն ամիս կամ ամեն շաբաթ ֆինանսական և այլ բնույթի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի, Բելառուսի և այլ պետությունների նկատմամբ, որոնք, ըստ իրեն, խախտել են մարդու իրավունքները, իր գործընկերներից իբր տարածք են խլել և այլն, և այլն:

Պատկերացնում եք, չէ՞, որ ԱՄՆ-ի անգամ մի փըշտը բավական էր ու բավական է` Ադրբեջանին իր տեղը դնելու համար… Բայց ախր ինչո՞ւ ՆԱՏՕ-ում իր առանցքային դաշնակիցներից մեկին` Թուրքիային ու նրա կրտսեր եղբորը նեղացնի, չհաշված այն, որ աշխարհաքաղաքական լրջագույն շահաբաժին է ակնկալում այն ամենից, ինչի կատարումը մեր տարածաշրջանում սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից, ավելի ճիշտ, 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածից:

Ինչպես ակնհայտ է, ԱՄՆ-ի կոչը նույնպես հավասարապես ուղղված է երկու կողմերին, ագրեսորն ու ագրեսիայի զոհը կամ ագրեսիայից պաշտպանվողը միևնույն հարթության վրա են դրված, իսկ Միացյալ Նահանգների արտահայտած մտահոգությունը նույնքան կեղծ է, որքան այստեղ բախումների, պատերազմների առնչությամբ նախկինում արտահայտածները: Ադրբեջանը հրաշալի գիտե դա, և որ ԱՄՆ-ի այս հայտարարությունը նրա համար որևէ արժեք չունի` կհամոզվեք շուտով:

ԱՄՆ-ի կեղծավորությունն առավել է ընդգծվում այն փաստով, որ չնայած 2020թ. հայկական զույգ պետությունների դեմ ցեղասպան Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, արցախցիների ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքն արյան ու կոտորածի մեջ վերջնականապես թաղելու փորձին, արգելված ֆոսֆորային և այլ զինատեսակների կիրառմանը, Միացյալ Նահանգները դեռ շարունակում է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրել:

Ու թեև ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի Twitter-յան էջում խորը մտահոգություն է արտահայտել Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով հայ զինծառայողների գերեվարման և մահվան մասին հաղորդագրությունների առնչությամբ, նշել, որ «Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունն oգնում է իրականացնել էթնիկ հայերի դեմ այդ ստոր գործողությունները», նաև հայտարարել, որ «Ժամանակն է փոփոխություն կատարել ազգային պաշտպանության մասին օրենքում՝ կրճատելու այդ օգնությունը»,  այնուհանդերձ, պարզ է, որ Մենենդեսի այս հայտարարությունը, եթե նույնիսկ անկեղծ է և ոչ ձևական, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անտեսվելու է, բանի տեղ չեն դնելու:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նույնիսկ այն ամենից հետո, ինչ կատարվեց անցյալ աշնանը և այս օրերին, առաջարկել է ոչ թե բացառել, այլ ընդամենը կրճատել Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ այդ ստոր գործողություններն իրականացնելուն օգնող ամերիկյան ռազմական աջակցությունը:

«Ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող և չկարգավորված խնդիրների բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում:

Իյա՞… Որքան հասկանալի է, ԱՄՆ-ի պետքարտուղարը քաղաքականության մեջ պատահականորեն հայտնված մեկը չէ, ոչ էլ այդպիսին են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ է, նրանք չգիտե՞ն, որ Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, ցանկանում է, ձգտում է, մտադիր է և մոտ կամ նույնիսկ շատ մոտ ապագայում շարունակելով իր ագրեսիան, փորձելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով, մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմամբ բացել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը` օկուպացիայի ենթարկելով Հայաստանի Սյունիքի, թերևս նաև Վայոց Ձորի մարզերը կամ դրանց տարածքների թեկուզ մի մասը… Հետևաբար Զագեզուրի միջանցք բացելու Ադրբեջանի նպատակն այդ քաղաքական պոռնիկներն ինչպե՞ս և ինչո՞ւ են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող խնդիր…

ՄԱԿ. Միավորված ազգերի կազմակերպության հայտարարությունն էլ վերոնշյալ պետությունների հայտարարություններից առանձնապես չի տարբերվում ու հայերիս համար որևէ արժեք չունի: ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:

 

Արթուր Հովհաննիսյան