Էրդողանը կոչ է արել Թուրքիայի և Իսրայելի տարաձայնությունները նվազագույնի հասցնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով նվազագույնի հասցնել Թուրքիայի և Իսրայելի տարաձայնությունները, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարևոր են Մերձավոր Արևելքի անվտանգության և կայունության համար, տարաձայնությունները կարող են նվազագույնի հասցվել, եթե երկկողմ և տարածաշրջանային հարցերում գործենք փոխըմբռնման շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծելով, որ տարածաշրջանում անհրաժեշտ է վերականգնել խաղաղության, հանդուրժողականության և համակեցության մշակույթը՝ Էրդողանը նշել է, որ այս առումով առաջնահերթություն է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների զարգացումը և խաղաղ գործընթացի վերսկսումը։