Բավակա՛ն է լռեք, ոտքի՛ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է երգահան, «Նազանի» հայ կանանց ակումբի հիմնադիր-ղեկավար,  ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Հովները։

Խանդավառությունը պակասել է…

Բայց առանց դրա` դժվար է շատ ապրել:

Ինձ թվում է, որ աշխարհը խենթացել է,

Կամ էլ ես եմ աշխարհից հոգնել:

Անտարբեր ու լուռ են հայացքները,

Հոգիները` մութ, սրտերը` փակ:

Մի տեսակ դատարկ դարձան խոսքերը…

Ես մրսում եմ մարդկանցից արևի տակ:

Որքա՜ն շատ են հայրենիքն ուրացողները…

Եվ իրենք էլ դեռ ատում են մյուսներին,

Ում համար հայոց աշխարհը սեր է,

Իսկ հողի ամեն մի քարը` զարդ անգին:

Հասկանալ փորձում եմ ընդամենը,

Թե ինչո՞ւ դարձաք դուք անտարբեր:

Որտե՞ղ թողեցիք ձեր սերը,

Ձեր պատիվը մեր երկրի հանդեպ:

Մի՞թե չի դողում վախից ձեր սիրտը,

Որ թուրքերն ապրում են հայ հողում,

Ցեղասպանությունը մոռացե՞լ եք միթե,

Ա՜խր, ո՞նց եք սենց անհոգ ապրում:

Հայ լինելը պարտադիր է, պարտադրող է,

Հայ լինելը ձեր սրտում պիտի լինի՜:

Պաշտպանե՜ք ձեր տունը, կրոնը, հողը,

Ազգ հայո՜ց, ՈՏՔԻ՜, ՈՏՔԻ՜, ՈՏՔԻ՜:

(Ա.Հ.)

Երգահան Աննա Հովները այս ստեղծագործությունը գրել է օրերս՝ ներկայացնելով իր հոգու վրդովմունքը հայրենիքում ստեղծված իրավիճակից։ Երգահանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված հանրության այս անտարբերությունը սեփական հայրենիքի և հողի հանդեպ։

Աննա Հովների խոսքով՝ հանրությունը պարզապես վախենում է խոստովանել, որ սխալվել է՝ ընտրելով այս իշխանությանը, և ամեն կերպ փորձում է արդարացնել իր սխալ ընտրությունը։

Անդրադառնալով ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյան-ընդդիմադիր և Նիկոլ Փաշինյան-վարչապետ հակասական ելույթներին՝ երգահանն ընդգծեց, որ 2016 թ․ ինքն էր շահարկում հողեր կորցնելու հարցը, և եթե Սերժ Սարգսյանը հող հանձներ այն ժամանակ այնպես, ինչպես այսօր հանձնում է Նիկոլ Փաշինյանը, հանրությունը նման անտարբերությամբ չէր արձագանքի։

Ըստ երգահանի՝ դատելով 2018-ի ոգևորությունից և այսօրվա անտարբերությունից, տպավորություն է, որ հանրությունը ատել է նախկիններին այն բանի համար, որ պաշտպանել են հայրենիքը։

Բանախոսի հետ անդրադարձ ենք կատարել նաև իր մի քանի նախաձեռնություններին, մասնավորապես հետաքրքվեցինք, թե ինչ ընթացք ստացավ Աննա Հովների առաջարկը հայ երգիչներին, դերասաններին, արվեստագետներին, մտավորականներին, երաժիշտներին, մշակույթի և արվեստի մարդկանց՝ համախմբվել և կոչով դիմել ժողովրդին:

Խոսեցինք նաև «Նազանի» հայ կանանց ակումբի հատուկ ժողովի մասին, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ և մոտ ժամանակներում նազանիները պատրաստվում են մի շարք գործողություններ կատարել և իրենց լուման ունենալ հայրենիքի փրկության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում