Անդրանիկ Քոչարյանը հերթական սեքսիստական արտահայտությունն է հնչեցրել կին լրագրողի նկատմամբ. Հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ ապտգամավոր Անդրանիկ Քոչարյանի հերթական վիրավորական արտահայտությանը լրագրողի նկատմամբ։  «Ս․թ․ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական սեքսիստական արտահայտությունն է հնչեցրել կին լրագրողի նկատմամբ։ ՀՀ արևելյան սահմանագծին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան նա արգահատանքով սաստել է լրագրողին՝ ասելով․ «Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»։

Այսպիսի բացահայտ սեքսիստական դրսևորումները հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար դարձել են սովորական․ թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները օգտագործել են սեքսիզմը որպես կին լրագրողներին նվաստացնելու միջոց (hիշենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Ես քո մեջ կին չեմ տեսնում» արտահայտությունը, որի վերաբերյալ ևս Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ)։

Փաստացի, իշխանավորները փոխվում են, կանանց ճնշելու և նվաստացնելու գործիքակազմը մնում է նույնը։ Հայաստանը դեռևս 1993 թվականին վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ՀՀ սահմանադրության 30-րդ հոդվածը հռչակում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, արդեն տարիներ շարունակ երկրում գործում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածը սահմանում է գենդերային խտրականության արգելք: Սեքսիզմի կանխարգելման ուղղությամբ որոշակի քայլեր են ամրագրված ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության մեջ: Այդուհանդերձ, երկրի օրենսդիր մարմնում շարունակվում են սեքսիզմի դրսևորումները։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը և պահանջում Անդրանիկ Քոչարյանի սեքսիստական վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում»,- նշված է հայտարարության մեջ։