Սիսիան համայնքի ավագանին արտահերթ նիստում պետք է հաստատի մոբիլիզացիոն պլանը և ինքնալուծարվի

Ծիծեռնաքարի/Ղզըլթափայի հատվածում մարտական գործողությունները տեղի էին ունենում Սիսիան համայնքի բնակավայրերի անմիջական հարևանությամբ, ավելին՝ հրետակոծության ձայները պարզորոշ լսելի էին նաև քաղաքում: Նորմալ, բանական համայնքային իշխանության, ավագանու առկայության պայմաններում պետք է ականատես լինեինք որոշակի անհետաձգերի քայլերի, հրատապ կարգով որոշումների ընդունման: Բնականաբար, այդպիսիք չկան ու չեն էլ լինելու, քանի որ ինչպես հայասստանյան համայնքների մեծ մասում Սիսիանում ևս կառավարման կամ տեղական ինքնակառավարման գործառույթն իրականացնողների գերակշիռ մեծամասնությունը չունեն կառավարչական ինտելեկտ: Վստահ եմ, կարդում են, ուրեմն ի՞նչ է պետք անել: Գործող ավագանին ինքնալուծարման որոշում ընդունելուց առաջ հրատապ կարգով պետք է արտահերթ նիստում հաստատի Սիսիան համայնքի մոբիլիզացիոն պլանը 2022 թվականի համար, եթե դժվարանան նախագծի մշակման աշխատանքներում, պատրաստ ենք մասնագիտական օժանդակություն ցուցաբերել ընդհուպ հաստատման ենթակա փաստաթղթի պատրաստում: Համայնքապետարանում պետք է ձևավորել Մոբիլիզացիոն աշխատանքի բաժին համայնքի ղեկավարի տեղակալի անմիջական, ուղղակի համակարգման ներքո: Բնականաբար, անհրաժեշտ են համապատասխան կադրային որոշումների ընդունում տարիներ շարունակ դիտարկվող և հիմա էլ շարունակվող թայֆաբազական տրամաբանությունից դուրս: Կան բազմաթիվ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, այդ թվում՝ համայնքի բանկավայրերում քաղպաշտպանության համակարգի ենթակառուցվածքների նորոգում, բարեկարգում, նյութա-տեխնիկական ապահովում, և այլն:

Դիմում եմ համայնքի ավագանու անդամներին, ներկա պայմաններում Ձեր անգործությունը հղի է ծանր հետևանքներով, հետևաբար, կոչ եմ անում հրավիրել արտահերթ նիստ, կայացնել անհրաժեշտ որոշումներ և ինքնալուծարվել:

Դիմում եմ իմ համերկրացիներին, հուսով եմ, գոնե հիմա եթե ոչ բոլորի, ապա շատերիդ համար հասկանալի ու տեսանելի է, որ առաջիկա տեսանելի ապագան ապրելու ենք փաստացի պատերազմական ժամանակի տրամաբանության մեջ և պայմաններում: Ուզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրիդ համար մեր հայրենիքի, մեր համայնքի, մեր երեխաների պաշտպանությունը իսկապես առաջնահերթություն է ու գերակայություն: Խնդրում եմ, մի վերջին անգամ գոնե հիմա լրջացեք ու գիտակցեք մեզ սպառնացող իրական վտանգը: Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել տարիներ շարունակ փաստացի անգործունակ իշխանություններ ընտրելու համար, ինչի պատճառով ներկա հանգրվանին հասել ենք մեր բնակչության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության կամ քայքայվածության վիճակով, հիմա դրա ժամանակ չէ, պետք է, կարող ենք ու պարտավոր ենք շտկել սխալները:

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից