77 մլն դրամ հատկացվեց ատեստավորված ուսուցիչների երեք ամսվա հավելավճարների համար

«Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական բյուջեից վերաբաշխում անել՝ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար»,-զեկուցելով հերթական հարցը՝ գործադիրի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով՝ դրա համար 77 մլն դրամ կտամադրվի  կամավոր ատեստավորված 478 ուսուցիչների հավելավճարների համար:

Դումանյանը տեղեկացրեց, որ 254 մլն դրամ էլ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ գերատեսչությունն աշխատանքներ է իրականացվում հաջորդ տարվա ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որոնք այս տարի նկատվել էին:

Դումանյանը հայտնեց, որ հաջորդ տարի ատեստավորման գործընթացին կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:

«Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեում մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: