Ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ցանկացած ժամանակ մեր սահմանամերձ բնակչությանն օգնության են հասնելու․ ԱԻՆ նախարար

Այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի կարիքները։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նախարարի խոսքով կոնկրետ Շուռնուխում արդեն մեկ տարի է, ինչ ունեն տաքացման կետ, և ԱԻՆ աշխատակիցները ցանկացած ժամանակ աջակցում են Շուռնուխի բնակչությանը։

«Նախորդ օրը Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ, որը գործում է ցանկացած ժամանակ և կօգնի մեր բնակչությանը։ Տաքացման կետ ենք ունենալու նաև Գորիս գնացող մայրուղու հատվածում։ Առնվազն երեք տաքացման կետ ենք ունենալու այդ հատվածում։ Տաքացման կետում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներ, բացի այդ, ունենալու ենք նաև ամենագնաց տրանսպորտային միջոցներ, որը կարողանալու է խցանումների ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերել»,-ասաց Անդրանիկ Փիլոյանը։

«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում: Ձյան պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք 2 օրվա ընթացքում տեղափոխելու ենք այդ հատված», – ասաց Փիլոյանը։

Հարցին՝ իր համար պա՞րզ է, թե իշխանություններն ինչու որոշեցին այդ ճանապարհները հանձնել թշնամուն, Անդրանիկ Փիլոյանը չպատասխանեց հարցին, և նշեց, որ իր գործառույթների տիրույթում չէ այդ հարցին պատասխանելը։