ԵԺԿ-ը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով

Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների մասին։
«Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։ Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»,- նշված է ԵԺԿ հայտարարության մեջ։