Կապան-Տաթև ճանապարհին տաքացման կետ է տեղադրվել

Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում:

Նախարարությունից նշում են, որ անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված, կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին: