Ավարտվել է ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը

Նոյեմբերի 16-ին կայացել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: Այս մասին հայտնում են «Ռոսատոմ» պետկորպորացիայից:

Կայանի արդիականացումը սկսվել է 2015 թվականին, և այդ ժամանակահատվածում կայանում իրականացվեց կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով: ԱԷԿ-ում իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ տվեց վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:

«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ:

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ №2 էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով»,- նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«Ռոսատոմի» ձեռնարկությունների մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների համաձայն ՝ Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս շահագործել այն ևս 10 տարի:

«Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։ Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը: Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը», -ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ  այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ներկայացուցիչները (ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն)՝ Եվգենի Սալկովը, գլխավոր տնօրեն Վլադիմիր Բրեդովը, համալիր նախագծերի բաժնի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիրիդենկոն: Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները: 

Տեղեկատու

«Ռոսատոմ»-գլոբալ տեխնոլոգիական առաջնորդ, համաշխարհային ատոմային էներգետիկայի թիվ մեկ ընկերություն, որն աշխատում է ավելի քան հիսուն երկրներում: Լինելով ատոմային ոլորտի պիոներներից մեկը՝ «Ռոսատոմն» ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում միջազգային միջուկային շուկայում, այդ թվում՝ ԱԷԿ-ի կառուցումը, ուրանի արդյունահանումն ու հարստացումը, միջուկային վառելիքի գործարանն ու մատակարարումները:

Այսօր, շնորհիվ 75 տարիների ընթացքում կուտակած բացառիկ իրավասությունների, ընկերությունը ձեռք է բերում նոր հեռանկարային նորարարական ապրանքների շուկաներ: Ջրածնային էներգետիկան, էներգիայի կուտակիչները, միջուկային բժշկությունը, հողմաէներգետիկան, կոմպոզիտային նյութերը, լոգիստիկ բիզնեսը, բնապահպանական լուծումները, բիզնեսի ավելի քան հարյուր նոր ուղղություններ որոշում են Ռոսատոմի այսօրվա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում:

Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում և արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծն է: Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման բացառիկ փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ մնալուց հետո:

Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի և հանրապետության սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի զարգացման համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: