ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին կհանձնվեն ամենամյա կրթական պարգևները. մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող

Երևանի Մարիոթ հյուրանոցում այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»  մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ․-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում:

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է։

«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը մենք նպատակ ունեինք խանդավառել երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»- ասում է Սինոփսիս ընկերության Գլխավոր գործադիր համանախագահ՝ Դր․ Չի-Ֆուն Չանը և շարունակում՝  «Կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»։

««ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով Հիմնադրամը նպաստում է  Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը։  Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ միտված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը, – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ ԲՈՒՀ-երից.

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),

Հայաստանի ազգային պալիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),

Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ),

Եվրոպական համալսարան (ԵՀ),

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝

Գլխավոր մրցանակ «Գրան Պրի» ($1200-ին համարժեք ՀՀ դրամ)

Լավագույն ասպիրանտ (I կարգ՝ $1000-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ)

Լավագույն մագիստրանտ (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ)

Լավագույն բակալավր (I կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $400-ին համարժեք ՀՀ դրամ)

Լավագույն սփյուռքահայ մասնակից (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $500-ին համարժեք ՀՀ դրամ)

«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», և «Լավագույն բակալավր» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի ունենք «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող։

Մինչ այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։

Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթղները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ։

2021թ.-ի «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի կազմը՝

Հանձնաժողովի նախագահ` Հովիկ Մուսայելյան

Հանձնաժողովի անդամներ` Արմեն Բալդրյան, Իրինա Դումանյան, Բագրատ Ենգիբարյան, Աիդա Խաչիկյան, Սամվել Կարաբեկյան, Վարուժան Մասարաջյան, Դավիթ Սահակյան, Արմեն Օրուջյան

Հանձնաժողովի քարտուղար` Վազգեն Մելիքյան: